Սպանվել է Սիրիայի ռազմական հետախուզության ղեկավարներից մեկը

Սիրիայում Դեր Զորի շրջանում զինյալները սպանել են կառավարական զորքերի բարձրաստիճան գեներալներից Ջամաա Ջամաային, որը զբաղեցնում էր շրջանի ռազմական հետախուզության ղեկավարի պաշտոնը։

Ջամաա Ջամաա

Ջամաա Ջամաա

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում անելով իսլամիստների դեմ պայքարողների համացանցային ֆորումներից մեկին, Ջամաան սպանվել է շրջանի կենտրոն Դեր Զորում զինյալների խմբավորումների դեմ մարտում։

Սակայն Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը լիովին այլ տեղեկություն է տարածել։ Վերջինիս վկայությամբ՝ գեներալին սպանել է դիպուկահարը։

Սիրիայի իշխանությունները պաշտոնական հայտարարությամբ այս պահի դրությամբ դեռևս հանդես չեն եկել։

Նշենք, որ Ջամաա Ջամաան Բաշար Ասադի վարչակազմի ռազմական հետախուզության ամենանշանավոր դեմքերից էր։ Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին, որին Սիրիան ևս մասնակցում էր, Ջամաան գլխավորում էր սիրիական բանակի ստորաբաժանումների առաջխաղացումը Լիբանանի տարածքում։ 2005-ին նրան հետաքննել էին նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության առնչությամբ, բայց պաշտոնական մեղադրանքներ այդպես էլ չեն հնչել։

Հավելենք, որ 2006-ին գեներալի անունն ընդգրկված էր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության «սև ցուցակում»։ ԱՄՆ-ի վկայությամբ՝ վերջինս աջակցել էր «ահաբեկչական խմբավորումներում Լիբանանի ներքին գործերին միջամտելու հարցում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *