Սաֆար Աբիևն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին՝ դժգոհելով ընտրություններին ԱՄՆ արձագանքից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ հանդիպման ընթացքում դժգոհելով ընտրություններին ԱՄՆ արձագանքից և կրկին հիշատակելով հայերին։

Սաֆար Աբիև

Սաֆար Աբիև

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկությունների՝ հոկտեմբերի 14-ին Սաֆար Աբիևը հանդիպման ժամանակ նախ անդրադարձել է ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ ռազմական համագործակցության զարգացման աստիճանին՝ շեշտելով՝ համագործակցության ընդլայնման ճանապարհին խոչընդոտ է 907-րդ բանաձևը։

Հիշեցնենք, որ 992-ի հոկտեմբերի 24-Ին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց այսպես կոչված «Ազատության աջակցման ակտը» (Freedom for Russia and Emerging Eurasian Democracies and Open Markets Support Act or «Freedom Support Act»), որն ուղղված էր Խորհրդային Միության փլուզման արդյունքում առաջացած նորանկախ հետխորհրդային հանրապետություններում ազատ շուկայական տնտեսությունների ու ժողովրդավարական բարեփոխումների աջակցման ամերիկյան ծրագրերի իրականացմանը։

ԱՄՆ հայ լոբբիստների և լոբբիստական խմբերի արդյունավետ գործունեության շնորհիվ՝ փաստաթղթում առանձին կետով ամրագրված է հայտնի 907-րդ բանաձևը, որը, փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական ու քաղաքական շրջափակմանը հակազդելու միջոց է։ Համաձայն «Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում» («Restriction on Assistance to Azerbaijan» ) 907-րդ բանաձևի՝ ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է փաստարկված քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։

2001-ից բանաձևը փոփոխությունների է ենթարկվել՝ հօգուտ Ադրբեջանի, սակայն այն լիովին չի վերացվել։ 2012-ի հոկտեմբերին ԱՄՆ Տեխաս նահանգի ադրբեջանամետ կոնգրեսականները դիմել էին Ներկայացուցիչների պալատին՝ կոչ անելով վերացնել բանաձևը։ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ևս նույն կոչով ցանկացած հնարավոր առիթի դեպքում դիմում է ԱՄՆ-ի պաշտոնյաներին, մասնավորապես 2010-ին Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպմանը Աբիևը՝ որպես Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վրա բացասական ազդող գործոն՝ նշել էր հենց 907-րդ բանաձևը։

Այնուհետև հանդիպման ընթացքում խոսք է գնացել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Սաֆար Աբիևը դժգոհել է թե´ ԱՄՆ-ի, թե´ ԵԱՀԿ արձագանքից։

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արձանագրել էր՝ թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում լուրջ խոչընդոտներ գոյություն ունեն, իսկ հոկտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մերի Հարֆը հայտարարել էր. «Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»։

Սաֆար Աբիևը սկսել է զուգահեռներ անցկացնել Հայաստում 2008-ին կայացած ընտրությունների հետ՝ թե իբր ինչու այդ ժամանակ ԵԱՀԿ առաքելությունը չարձագանքեց «հարկ եղած ձևով»։

Նկատենք, որ ԱՄՆ դեսպանը զրույցի ընթացքում այդպես էլ դրական խոսքեր չի ասել ընտրությունների վերաբերյալ, չի հայտնել իր անհամաձայնությունը դիտորդական առաքելությունների գնահատականների հետ։ Ավելին, ԱՄՆ դեսպանությունը մամուլի հաղորդագրություն չի հրապարակել հանդիպման վերաբերյալ և նույնիսկ չի մեկնաբանել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *