Ադրբեջանում փորձագետը բարձրաձայնում է Սաֆար Աբիևի 87 մլն հաշվեհամարի մասին

Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Յաշար Ջաֆարլին, հերթական անգամ բարձրաձայնել է պաշտպանության նախարար Աաֆար Աբիևի՝ տարբեր բանկերում ունեցած մեծ գումարների և բանկային հաշվեհամարների հարցը, ինչն իրականում վաղուց արծարծվող թեմա է։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլին հոկտեմբերի 12-ին դիմել է գլխավոր դատախազ Զաքիր Հարալովին, ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին Սաֆար Աբիևի՝ արտերկրյա բանկերում ունեցած հաշվեհամարների առնչությամբ։ Նրա դիմումը հրապարակվել է «Բիզիմ Յոլ» կայքում։

Ջաֆարլին շեշտում է, որ հունգարական «OTR BANK»-ը սառեցրել է Ադրբեջանի ներկայիս պաշտպանության նախարարի հաշվեհամարը՝ 65 մլն եվրո (87 7մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ։ Խնդիրն այն է, որ բանկը պահանջել է Աբիևից ներկայացնել խոշոր չափի գումարի ծագումը, սակայն նախարարը, ինչպես և սպասվում էր, չի կարողացել բավարարել բանկի պահանջները։

«Կարևոր է, որ «Ինտերպոլի» հունգարական մասնաճյուղի զեկույցում ասվում է՝ 2 ամսվա ընթացքում Ադրբեջանից կատարվել են կասկածելի գումարային փոխանցումներ հունգարական բանկերի թվով 5 հաշվեհամարներին։ Այդ փոխանցումների արդյունքում ստացվել են բանկային կաշառքներ՝ 686 հազար, 196 հազար, 617 հազար և 252 հազար ԱՄՆ դոլարի չափով։ Սաֆար Աբիևն իր հերթին ամսական ստացել է 3 մլն դոլարի չափով բանկային կաշառք։ Եվ սա ընդամենը 5 հաշվեհամարներից ստացված տվյալներն են»,-ասված է Ջաֆարլիի հայտարարության մեջ։

Ռազմական փորձագետը հավաստիացնում է՝ բազմիցս հարցումներ են ուղարկել վերոհիշյալ բանկի ղեկավարությանը, սակայն այդպես էլ տվյալներ չեն ստացել։ Բանկից բացատրել են, որ իրավասու չեն տրամադրել միջազգային նշանակության տեղեկություն, այնուհանդերձ, միևնույն ժամանակ չեն հերքել Ջաֆարլիի ունեցած տվյալները։ Ուստի, փորձագետի խոսքերով, դատախազությունն ու Ազգային անվտանգությունը պարտավոր են ստուգել իրենց տրամադրած տվյալները, ապա, հարկ եղած դեպքում, քայլեր ձեռնարկել։

Ջաֆարլին նաև հավելել է, որ իրենք շարունակում են հետաքննել Սաֆար Աբիևի՝ Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում ունեցած հաշեհամարների վերաբերյալ տեղեկությունները։

Իր հերթին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է՝ ՊՆ-ն անհրաժեշտ չի համարում մեկնաբանել «մի մարդու անհեթեթ խոսքերը, որը խաղալիք է դարձել տարբեր ուժերի ձեռքերում»։

Հիշեցնենք, որ Յաշար Ջաֆարլին հայտնի է ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով։ Նա բանակի բարեփոխումները կապում է նախ և առաջ Սաֆար Աբիևի հրաժարականի հետ։ Հավանաբար հենց նման համարձակ մտքեր արտահայտելու պատճառով էլ 2013-ի ապրիլի 2-ինռազմական փորձագետը հարձակման էր ենթարկվել իր բնակարանի շքամուտքում։ Նա բացեիբաց հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են Սաֆար Աբիևի հրահանգով։ Բացի այդ սեպտեմբերի 2-ին փորձագետն ասել էր լրագրողներին՝ ընդդիմությանն աջակցելու պատճառով իրեն անընդհատ հետապնդում ու սպառնում են։

Նշենք, որ Սաֆար Աբիևի՝ հունգարական բանկերում ունեցած միլիոնավոր դոլարների հաշվեհամարների թեման բարձրացվել էր դեռևս 2010-ին։ «OTR BANK»-ը 2010-ի ընթացքում էր դիմել «Ինտերպոլին»՝ Սաֆար Աբիևի հաշվեհամարները ստուգելու խնդրանքով։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի էր դարձել ոչ միայն Հունգարիայում, այլև Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում ունեցած հաշվեհամարների մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *