20 տարվա ազատազրկում՝ Հունաստանի պաշտպանության նախկին նախարարի համար

Հունաստանի դատարանը պաշտպանության նախկին նախարար Ակիս Տսոհատզոպուլոսին դատապարտել է 20 տարի ազատազրկման` կոռուպցիոն գործողություններում մասնակցելու համար։

Ակիս Տսոհատզոպուլոս

Ակիս Տսոհատզոպուլոս

Այս մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։
Տսոհատզոպուլոսն ընդունել է իր դեմ առաջադրած մեղադրանքները՝ իրեն մեղավոր ճանաչելով փողի լվացման գործողություններում։ Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, նա որպես կաշառք ստացել է ավելի քան 55 մլն եվրո։ Հետաքննության տվյալներով՝ նախկին նախարարը 1996-2011 թթ. ապօրինի դրամական պարգևատրումներ է ստացել զրահատեխնիկայի, սուզանավերի, զենիթահրթիռային համակարգերի վաճառքի պայմանագրեր տրամադրելու դիմաց։
Տսոհատզոպուլոսի հետ միասին մեղավոր են ճանաչվել ևս 16 հոգի, այդ թվում՝ նրա կինն ու դուստրը, որոնցից յուրաքանչյուրը ազատազրկվել է 12 տարով։ Նախարարի նախկին կինն ու քույրը ևս դատապարտվել են ազատազրկման՝ 6 տարով։ Բացի այդ, տարբեր չափի տուգանքների ու ազատազրկման են ենթարկվել նախարարի հաշվապահը, փաստաբանը, ՊՆ նախկին աշխատակիցներ։ Մեղավոր են ճանաչվել Morelia և Nobilis օֆշորային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց միջոցով էլ փողերի լվացումը կատարվել է։ Քննիչները Տսոհատզոպուլոսի մոտ հայտնաբերել են 178 մլն եվրոյի դեպոզիտ։
Այնուհանդերձ, ինչպես հաղորդում են ոչ պաշտոնական աղբյուրները, ակնկալվում է, որ 76-ամյա նախարարին ազատ կարձակեն 2 տարի ազատազրկումից հետո։
Հիշեցնենք, որ Տսոհատզոպուլոսը ձերբակալվել էր 2012-ի ապրիլին կաշառք վերցնելու մեղադրանքով Հունաստանի՝ գերմանական սուզանավեր գնելու գործարքի ընթացքում։
Տսոհատզոպուլոսը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը 1996-2001-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *