ԱՄՆ-ն և ՌԴ-ն գոհ են Սիրիայում քիմիական պաշարի ոչնչացման առաջին փուլից

ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հոկտեմբերի 6-ին սկսել են Սիրիայում քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացը։ Նրանք արդեն ժամանել են հատուկ զորավարժարան, որտեղ էլ կատարվելու են ոչնչացման աշխատանքները։

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

ՄԱԿ-ի փորձագետները՝ Սիրիայում

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, քիմիական զենքի վնասազերծման նպատակով կիրառել են ծանր տեխնիկա, որը սեղմելով ոչնչացրել է մարտական գլխիկներն ու ավիացիոն ռումբերը, ինչպես նաև շարժական ու ստացիոնար կայանները, որոնց միջոցով քիմիական նյութը լցվում է զինամթերքի մեջ։

Ավելի վաղ փորձագետները հայտարարել էին, որ բացի ծանր տեխնիկայից՝ մտադիր են օգտագործել պայթուցիկ նյութեր, բացի այդ հավանական են համարել բետոնի միջոցով թունավոր նյութերի արտադրման սարքավորումները շարքից դուրս բերելը։

Նշենք, որ փորձագետները Սիրիա էին ժամանել հոկտեմբերի 1-ին։Քիմիական զենքի պաշարների ոչնչացումը կատարվելու է մի քանի փուլով։ Առաջին փուլում տևելու է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերը, ոչնչացվելու են քիմիական թունավոր նյութերի արտադրությանը ծառայող սարքերը։ Հաջորդ փուլերում զենքը պետք է դուրս հանվի երկրի սահմաններից և ոչնչացվի, իսկ մնացած հատվածը չեզոքացվի միջազգային փորձագետների վերահսկողությամբ։

BBC News-ի տվյալներով՝ Սիրիայի ԱԳՆ նախարար Վալիդ Մուալլեմը անդրադարձել է փորձագետներին սպասվող դժվարություններին։ Ըստ նրա՝ քիմիական զենքի 19 պահեստներից 7-ը («Ֆրանս-Պրեսս» գործակալության տվյալներով Սիրիայում քիմիական զենքի 45 պահեստ կա)գտնվում է մարտական գործողությունների հատվածում։ Եվ որպեսզի միջազգային փորձագետները կարողանան հասնել այդ պահեստներին, ամենայն հավանականությամբ, հակամարտող կողմերից կպահանջվի ժամանակավորապես դադարեցնել կրակը։

Իրենց հերթին, ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչություններն օրերս դրական գնահատական են տվել Սիրիայի իշխանությունների՝ վերջին շրջանում քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված քայլերին։ Մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Դամասկոսը հիանալի կերպով համագործակցում է միջազգային տեսուչների հետ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հավելել է՝ գովելի է այն փաստը, որ քիմիական զենքի առաջին պաշարները ոչնչացվել են ՄԱԿ-ի փորձագետների ժամանումից ընդամենն օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին։ Կողմերը հույս են հայտնել նաև, որ նոյեմբերին կհաջողվի Սիրիայի հակամարտության կարգավորմանն ուղղված նոր համաժողով գումարել Ժնևում։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայում օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *