Ադրբեջանում ռազմական բժշկին ազատազրկել են զինծառայողի կասկածելի մահվան գործով

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանում ձերբակալել են ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալի բժշկական ծառայության գնդապետ-լեյտենանտ Վասիֆ Ադիգյոզալովին։
Համաձայն Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճռի՝ Ադիգյոզալովը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման և 500 ադրբեջանական մանաթ (639 ԱՄՆ դոլար) տուգանքի։ Իր հերթին, դատապարտյալը դիմել է Բաքվի վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու զինվորական դատարանի վճիռը։ Նա կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։

Էլդար Նովրուզով

Էլդար Նովրուզով

Նշենք, որ ռազմական բժիշկը մեղադրվում է 2011-ի սեպտեմբերի 29-ին մահացած զինծառայող Էլդար Նովրուզովին սխալ ախտորոշում սահմանելու համար, ինչն էլ, ըստ պաշտոնական վարկածի, հանգեցրել է զինծառայողի մահվան։
Ուշագրավ է, որ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները գրում են, որ զինծառայողի ծնողների կարծիքով էլ իրենց որդու մահվան պատճառը բժշկի սխալ ախտորոշումն է։ Մինչդեռ քիչ թե շատ անկախ լրատվակայքերը լիովին այլ պատմություն են ներկայացնում։
Այսպես, 1992-ին ծնված, Սումգայիթի զինկոմիսարիատի կողից զորակոչված Էլդար Հադիր օղլու Նովրուզովը մահացել է 2011-ի սեպտեմբերի 29-ին։ Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի «Պաշտպանության և անվտանգության հասարակական միություն» կազմակերպությունը կլոր սեղան էր հրավիրել՝ շարքային զինծառայողի մահվան առնչությամբ։ Քննարկումների ընթացքում պարզվել էր, որ Նովրուզովը դեռևս զորակոչվելուց առաջ ձախակողմյան հայմորիտով հիվանդ է եղել։

Ծառայության ընթացքում հիվանդությունը պարբերաբար սրվել է, ուստի նա հարկադրված է եղել բուժվել ամենատարբեր հոսպիտալներում։ 2011-ի հուլիսին տեղային վիրահատության արդյունքում զինծառայողի առողջական վիճակը ժամանակավորապես բարելավվել է։ Նրան ուղարկել են 15 օրով արձակուրդ։ Արձակուրդից հետո վերադառնալով զորամաս՝ Նովրուզովի հիվանդությունը կրկին սրվել է։ Օգոստոսին նրան ուղարկել են հոսպիտալ, որտեղ բժիշկները հայտնաբերել են այսպես կոչված Վեգների հազվագյուտ հիվանդություն, ինչը հանգեցնում է ներքին օրգանների նեխմանն ու ներքին արյունահոսության։
Զինծառայողի ծնողները հիվանդության սրման սկզբնական շրջանում Ադրբեջանի ՊՆ-ին պնդել են, որ իրենց որդին վերջապես հետազոտվի։ Բժշկական զննումը կատարվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում թուրք բժշկի կողմից, որը խորհուրդ է տվել հիվանդին անմիջապես տեղափոխել թուրքական «Գյուլհանե» հոսպիտալ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել, ինչի պատճառով էլ Նովորուզովի հարազատները ցույց են կազմակերպել հոսպիտալի շենքի մոտ։ Որոշ ժամանակ անց միայն Ադրբեջանի ՊՆ-ն համաձայնել է զինծառայողին տեղափոխել թուրքական հոսպիտալ։ Պաշտպանության նախարարության կամայականության պատճառով գործընթացի երկարաձգումն իր հերթին հանգեցրել է նրան, որ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում զինծառայողը մահացել է։
Բաքվի բժիշկները միաձայն հերքում են այն վարկածը, ըստ որի՝ Նովրուզովի մահվան պատճառն օդանավակայանի սրահում կատարված ներարկումն էր։ Բժիշկների խոսքերով՝ դա պարզապես կորդիամինի սրսկում էր, որպեսզի սիրտը դիմանա, իսկ մեղավորը ՊՆ-ն է, որի երկարաձգումների ու անտարբերության հետևանքով զինծառայողի կյանքը փրկելու հավանակությունը այդ ժամանակ նույնիսկ Թուրքիա հասնելու դեպքում կազմում էր 10%։
Բացի այդ, պաշտպանության նախարարությունը հետաձգում էր նաև գործի հետաքննությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *