102-րդ ռազմաբազայում առաջիկայում միայն անձնակազմի փոխարինում է լինելու. ռազմաբազայի ԱՀՏԱ գծով տեղակալ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայկական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե Մոսկվան մտադիր է մեծացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում, և  առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ»։

Այս տեղեկությունն արագ արձագանք գտավ նաև ռուսական մի շարք հեղինակավոր կայքերում։

Ռազմինֆոն տեղեկությունը ճշտելու համար կապվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանի հետ։

Գնդապետը նշեց, որ ռազմաբազայում առաջիկայում սպասվում է միայն ներկայիս անձնակազմի փոխարինում։

Այն հարցեին, թե արդյոք առաջիկայում սպասվում է ռազմաբազայում զինծառայողների թվակազմի ավելացում, գնդապետ Կարապետյանը նշեց.

«Ոչ, նման բան դեռևս որոշված չէ։ Դրա համար միջկառավարական որոշում է պետք։ Մենք հիմա ավելացումների տեղ էլ չունենք»։

Ըստ Կարապետյանի՝ նման տեղեկատվության տարածման առիթ հավանաբար դարձել է նոյեմբերից սկսվող զորացրումը։

«Նոյեմբերին սկսվում է զորացրում-զորակոչը։ Այսինքն՝ զորացրված զինծառայողներին փոխարինելու համար գալիս են նորերը։ Իսկ Հայաստան ՌԴ զինծառայողները գալիս են դեռ հոկտեմբերից, բայց մինչև այդ Ռուսաստանի ուսումնական զորամասերում պատրաստություն են ստանում»,- բացատրեց Աշոտ Կարապետյանը։

Իսկ այն տեղեկությանը, թե Գյումրու 8-րդ թաղամասից (Վոսմոյ գորոդոկ) տեղափոխում են զինծառայողներին ընտանիքներով, Կարապետյանը նշեց. «Հանում են նրանց, ովքեր արդեն ստացել են բարեկարգ բնակարաններ, ասենք Մոսկվայում կամ այլ տեղ, բայց շարունակում են ապրել ծառայողական բնակարաններում։ Ու սա մարդկանց մոտ այլ պատկերացումներ չպետք է առաջացնի»,- նծեց գնդապետը։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Պն-ն տեղեկատվական առումով չի կարող հաստատել կամ էլ հերքել նման լուրը։

«Այո, մենք Ռուսաստանի հետ ունենք միջպետական համաձայնագրեր։ Բայց տեղեկատվական առումով մենք չենք կարող հայտարարությամբ հանդես գալ»,- ասաց մամուլի քարտուղարը։

Ռազմինֆոն դեռևս չի կարողանում կապ հաստատել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *