ԱՄՆ զինված ուժերում հետզհետե արգելվում են դաջվածքները

ԱՄՆ բանակի հրամանատարությունը որոշել է արգելել ծնկից և արմունկից ներքև, ինչպես նաև պարանոցի հատվածում դաջվածքներ անելը։

Նման փոփոխություն որոշել է մտցնել ԱՄՆ բանակի նախարար Ջոն Մաքյուն։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ պաշտոնական Stars and Stripes ամսագիրը։

Փոփոխություններն առաջին հերթին վերաբերվելու են նորակոչիկներին։ Իսկ ահա The Huffington Post-ը տեղեկացնում է, որ այն զինծառայողները, ովքեր արդեն բավական ժամանակ է ծառայում են, կկարողանան պահպանել իրենց դաջվածքները։ Սակայն զինծառայողները պարտավորվելու են իրենց մարմնի վրայի պատկերների մասին անպայման տեղեկացնել հրամանատարությանը։

Բացի այդ, եթե դաջվածքները պարունակեն ազգայնական, սեռական, ծայրահեղական ենթատեքստ, ապա զինծառայողներն իրենք պետք է մաքրեն դաջվածքները։
Նախատեսվում է, որ կանոնադրությունը ուժի մեջ կմտնի 30-60 օրվա ընթացքում՝ չնայած դեռ պաշտոնական համաձայնություն չի տրվել։

Տեղեկացնենք, որ դաջվածքները թույլատրվել են ԱՄՆ բանակում 2006 թվականին, երբ նորակոչիկների պակաս է եղել։ Ըստ գործող կանոնի՝ զինծառայողները կարող են դաջվածք ունենալ ձեռքին, ոտքին և մեջքին, բայց արգելվում է դաջվածք անել դեմքին, գլխին և կոկորդին։

Իսկ ահա ԱՄՆ ծովային հետևակի և ռազմաօդային ուժերի զինծառայողների համար կան այլ չափանիշներ, օրինակ՝ նրանք իրավունք չունեն գերազանցել դաջվածքի նախանշված չափը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *