Ադրբեջանում ոչնչացնում են թալիշներին, ապա՝ եղբայրության կոչ անում. Ալաքրամ Գումմատով

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում՝ Եղիշե Չարենցի անվան դահլիճում, կայացավ իրանագիտության ամբոնի ընդլայնված նիստը։
Նիստը նվիրված էր թալիշական մագիստրոսական ծրագրի շնորհանդեսին։

Ալաքրամ Գումմատով

Նիստը մեկնարկեց, երբ ներս մտավ թալիշ ռազմական ու քաղաքական գործիչ, ժամանակին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Գումմատովը

Դահլիճում ներկա էին ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ։ Ամբիոնի վերնամասում կախված էր Թալիշ-Մուղանյան հանրապետության դրոշը։
Առաջինը ելույթ ունեցավ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։ Որակելով նիստը՝ որպես պատմական նշանակալից իրադարձություն, պարոն Ասատրյանը շեշտեց. «Այսօր հանդիսավոր կերպով նշում ենք աշխարհի ոչ մի ուսումնական հաստատությունում զուգահեռ չունեցող թալիշական մագիստրոսական ծրագրի բացումը։ Ծրագրի արդյունքում պատրաստվելու են կադրեր, որոնք առաջիկայում զբաղվելու են թալիշական մշակույթի, գրականության ու լեզվի քարոզչությամբ։ Իրանագիտական ուսումնական կենտրոնի կողմից 3 շաբաթ առաջ լույս ընծայվեց Ղուրանի առանձին գլուխների թալիշերեն թարգմանությունը։ Բացի այդ, մենք 2-3 տարում թալիշական լեզվագիտության և ազգագրության բնագավառներում բազմաթիվ աշխատություններ ենք հրատարակել։ Հարց է ծագում. ինչու՞ ենք մենք լայնորեն զբաղվում թալիշների հարցով։ Նրանք մեզ հարևան ժողովուրդ են եղել դարեր շարունակ։ Հարավային Կովկասի ժողովուրդների վերջին գենետիկական ուսումնասիրությունը ցույց է տվել, թե որքան ընդհանրություններ ունեն հայերն ու թալիշները»։ Ամբիոնի վարիչը ժպտաց և ներկաներին կոչ արեց ուշադիր նայել Գումմատովին, քանի որ վերջինս իր արտաքինով գրեթե չի տարբերվում հայերից։

Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյան

Այնուհետև պարոն Ասատրյանը հարցեր ուղղեց Ադրբեջանին. «Հայաստանում թալիշներ չկան, բայց մենք զբաղվում ենք թալիշների ուսումնասիրությամբ։ Ադրբեջանում միլիոնավոր թալիշներ են բնակվում, ինչու՞ ադրբեջանցի գիտնականները գեթ մեկ նյութ չեն հրապարակում, ինչու՞ թալիշերենի գեթ մեկ դասագիրք չեն հրատարակում, ինչու՞ գեթ մեկ միջազգային կամ տեղական գիտաժողով չեն կազմակերպում, ոչ մի դասընթաց, ոչ մի ֆակուլտետ, ոչ մի հեռուստաալիք կամ ռադիոալիք թալիշերենով չեն հիմնում։ Սրանք հարցեր են, որ, ցավոք, օդում են մնալու»։

Խոսքը փոխանցվեց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանին, որն էլ մանրամասնեց թալիշագիտության ծրագրի փուլերը.
1.Թալիշերեն
2.Թալիշստանի պատմություն
3.Թալիշական ազգագրություն, ազգային-կրոնական հավատալիքներ, շիա և սունի թալիշների ներկայիս խնդիրները
4.Թալիշների պատմական աշխարհագրություն
5.Թալիշների մարդաբանություն և գենետիկա, ինչը ենթադրում է թալիշների ու հայերի քրոմոսոմների համեմատություն։

Պարոն Ոսկանյանն ընդգծեց, որ հեռանկարում թալիշական ծրագրի ընդլայնումն է։ Դրա շնորհիվ թալիշները ևս կարող են մասնակցել իրենց տեսակի մեջ եզակի դասընթացներին։

Վերջապես խոսքը տրվեց Ալաքրամ Գումմատովին։ Թալիշների առաջնորդը հուզված էր, որ կանգնել ու ելույթ է ունենում թալիշական դրոշի ֆոնին։ «Ես երախտապարտ եմ հայ ժողովրդին նման հնարավորության համար։ Միգուցե հիմա թալիշների մի մասը չգիտակցի՝ ինչու եմ այստեղ և ինչ եմ ասում, բայց ժամանակի ընթացքում կհասկանա։ Թալիշ-Մուղանյան հանրապետության կորստի ժամանակ էլ նրանք չգիտակցեցին, միայն հիմա են ընդունում, թե ինչ մեծ բան ենք կորցրել։ Գիտեք՝ Ադրբեջանում բնակվող թալիշն ուզում է աշխատանքի ընդունվելիս դիմումը լրացնել իր մայրենի լեզվով, սակայն նրան չեն թողնում։

Ուշացած շնորհավորում եմ հայ ազգին սեպտեմբերի 21-ի անկախության տոնի կապակցությամբ։ Ամու´ր պահեք անկախությունը, որպեսզի այն ձեզնից չխլեն, մենք՝ թալիշներս, չկարողացանք դա անել։ Եվրոպայում բնակվելիս ես փորձում էի քայլել ձեռնարկել թալիշների իրավունքների խախտումները կանխելու համար։ Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրման կենտրոններից մեկում պատմեցի իրավիճակը, նրանք գնացին Ադրբեջան, որ ուսումնասիրեն։ Բայց Ադրբեջանում արդեն պատրաստվել էին, կեղծ փաստաթուղթ տվեցին՝ իբր Լերիքում թալիշերեն դասընթացների կենտրոն կա։ Թալիշներին խաբում են, Ադրբեջանում խաղում են թալիշների ճակատագրի հետ։ Թալիշները պայծառ ապագայի հույս չունեն, ներկայիս քաղաքականությունը, համոզված ասում եմ, տանում է դեպի ուծացում, ասիմիլյացիա։ Դրա հետևանքն այն է, որ ես ինքս էլ գերազանց չեմ տիրապետում թալիշերենին։ Մանկության տարիներին տատս ստիպում էր թալիշերեն խոսել, իսկ հայրս ընդդիմանում էր՝ ասելով՝ թալիշերեն կխոսի, կհալածեն, աշխատանք չի գտնի։ Եվ նա իրավացի էր։

Նույնիսկ Լանքոնում՝ իմ ծննդավայրում, ցուցանակի վրա գրված է ադրբեջաներեն «Լենքորան»։ Եվ հետաքրքիր է, որ ադրբեջանցիները մեզ ոչնչացնում են, ապա ասում են՝ եկեք լինենք եղբայրներ։ Մեզ ասում են՝ թալիշերեն խոսեք, ապագա չեք ունենա։ Բայց մեզ ոչ ոք չի կանգնեցնի։ Մենք արդեն ունենք ինքնագիտակցություն։ Ժամանակին սխալվել ենք, չենք հասկացել, կռվել ու զոհվել ենք Ադրբեջանի համար՝ այն համարելով մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը Թալիշստանն է։ Սակայն գիտենք, որ մեզ համար որևէ մեկը երբևէ ոչինչ չի անի, հենց այնպես ոչ մի բան չի տրվելու։ Ավելի քան 200 տարի միայն դուք՝ հայերդ եք, մեծ գործ անում թալիշների համար, մենք Երևանում ենք հույսի նշույլ տեսնում։ «Թալիշստանի ձայնի» շնորհիվ ես վերհիշում եմ լեզուն, մեր գրականությունը, դա մեծ գործ է մեզ համար։ Այնուամենայնիվ, ես նաև գիտակցում եմ, որ իմ այսօրվա խոսքերն ու այստեղ ներկայությունը խնդիրներ ու հետապնդումներ առաջ կբերեն թալիշների համար, սակայն համոզված եմ, որ լավ նպատակով եմ այստեղ և հպարտ եմ, որ ձեզ հետ եմ»,-նիստը եզրափակեց Գումմատովը և Լանքոնի քայլերգի հնչյունների ներքո դուրս եկավ դահլիճից։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր վաղ առավոտից արդեն իսկ լուրեր էին տարածել Գումմատովի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ։ Նա մոտ օրերս մեկնելու է Արցախ երկօրյա այցով։

Լուսանկարները՝ Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *