Թուրքիան կարող է 33 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել սեփական կործանիչի աշխատանքներին

Թուրքիան կարող է 31-33 մլրդ ամերիկյան դոլար ծախսել սեփական կործանիչի ստեղծելու և հետագայում այն գնելու համար։ Ներկայում Թուրքիան շվեդական կողմի հետ շարունակում է մշակել TF-X կոչվող կործանիչը։

Այս մասին տեղեկացնում է Defense News ռազմական կայքը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի իր աղբյուրներին։

Saab ընկերության արտադրած Gripen կործանիչները

Saab ընկերության արտադրած Gripen կործանիչները

Նախնական տվյալներով՝ նոր ինքնաթիռի առաջին ութ նախատիպերի համար կարող է ծախսվել մինչև 10 մլրդ ԱՄՆ դոլար։ Կործանիչները ստեղծելուց և փորձարկելուց հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է գնել 200 միավոր TF-X։

Այսպիսով, նախատիպերի ստեղծումն ու ինքնաթիռների գնումը կարող է կազմել 31-33 մլրդ դոլար, իսկ մեկ միավորi շուկայական գինը կկազմի մոտավորապես 100 մլն ԱՄՆ դոլար։

Թուրքական առաջին կործանիչի ստեղծման վրա աշխատում են «Թուրքիայի աերոտիեզերական արտադրությունը» (TAI) ու շվեդական «Սաաբ» ընկերությունը։ Թուրքական կողմի և շվեդական ընկերության միջև համագործակցության պայմանագիրը կնքվել էր այս տարվա հունիսին։

«Սաաբը» սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին Թուրքիային պետք է կներկայացնի կործանիչի հնարավոր երեք տարբերակ, որից հարևան երկրում կընտրեն մեկը։

Ավելի վաղ նշվում էր, որ եթե TF-X-ի արժեքը գերազանցի միջազգային շուկայում առկա կործանիչների շուկայական գինը 40-50 տոկոսով, ապա նախագիծը շարունակություն չի ստանա։

Թուրքիային սեփական կործանիչը ստեղծելու համար ֆինանսական առումով լրջորեն կարող են խանգարել նաև F-35 կործանիչներ գնելու ծրագրերը։ Թուրքիայում ցանկանում են գնել 100 միավոր F-35՝ դրա համար ծախսելով 16 մլրդ ամերիկյան դոլար։ Եթե այս ծրագիրը մնաուժի մեջ, ապա TF-X-ի ֆինանսավորումը կարող է վտանգվել։

Հայտնի է նաև, որ թուրքական կործանիչը նախատեսվում է պատրաստել մինչ 2023 թվականին, երբ նշվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *