Արկադի Տեր-Թադևոսյան. «Մեր հաղթանակները սկսվեցին այն պահից, երբ մենք սկսեցինք գրոհել»

Արցախյան ազատամարտի հաղթանակի և Զինված ուժերի կայացման գործում իր անուրանալի դերն ունի Արկադի Տեր-Թադևոսյանը: Razm.info-ն ներկայացնում է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ զրույցը՝ պատմության այդ ժամանակահատվածի և պատերազմի ընթացքի շուրջ:

— ԽՍՀՄ փլուզման ժամանակ նոր հանրապետություններ ձևավորվեցին և առաջիններից էր նաև Հայաստանը, որը քաղաքակիրթ ճանապարհով անկախության հասնել էր ուզում և հետագայում հասավ դրան: Իսկ Ադրբեջանի ԽՍՀ նախագահ Այազ Մութալիբովը փորձում էր խորհրդային զորքերի օգնությամբ լուծել ԱԽՍՀ կազմում գտնվող ազգային փոքրամասնությունների անկախության ձգտման «խնդիրը»: Իսկ Ադրբեջանում ազգային փորամասնություններն այնպիսի թիվ էին կազմում, որ դա կցնցեր ու կմասնատեր ողջ հանրապետությունը: Ադրբեջանցիներից կազմված ՕՄՕՆ-ը («Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ»), որը գտնվում էր ԽՍՀՄ ՆԳՆ կազմում, շրջափակում էր բնակավայրերը, իրականացնում անձնագրերի ստուգում, բռնություններ, սպանություններ և դա հանգեցրեց նրան, որ Արցախը սկսվում էր դատարկվել: Միայն Տող գյուղում 1991թ. մեկ օրում սպանեցին Դանիելյանների 5 հոգանոց ընտանիքը և ժամանակ էին տալիս բնակչությանը իրենց բնակավայրերը լքելու համար: Համընդհանուր վախի մթնոլորտ էր, ինչն այդպես թողնել չէր կարելի:

1991թվականի գարնանը՝ ԽՍՀՄ ներքին զորքերն ու ՕՄՕՆ-ը համատեղ իրականացրեցին «Օղակ» գործողությունը (операция «Кольцо»): Ի պատասխան, Հայաստանից կամավորական ջոկատներն օգնության հասան Արցախին՝ ինքնուրույն փորձելով պաշտպանել հայրենիքի մի կտորը: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանցիները նպատակ ունեին ոչ միայն հայերից խլել Ղարաբաղը, այլև մտածում էին Զանգեզուր ու Սևան հասնելու մասին՝ կյանքի կոչելով պանթյուրքիզմի գաղափարը, որը, սակայն, հեռակա նպատակ էր, իսկ առաջնայինը Արցախի հայաթափումն էր կամ կոտորածը:

Ընդհանուր թշնամու դեմ հայությունն արդեն իսկ միավորվում էր: Հենց այդ ժամանակ մտավորականները, ովքեր կանգնած են մեր բանակի ստեղծման հիմքում, սկսեցին ծրագիր առաջ քաշել բնակչության համար, որ մեր ազգի փրկությունը զենքով պայքարի մեջ է և պայքարը պետք է լինի միասնական: Հենց այդ պայքարի կոչով՝ հայրենիքը պաշտպանելու համար Գորգիսյանի և իր նմանների հետևից գնացին հարյուրավոր մարդիկ, ովքեր չունեին ռազմական կրթություն, բայց ունեին կամք, իսկ նրանց առաջ կանգնած էր խորհրդային զենքն ու Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը:

— Արկադի Իվանովիչ, Ադրբեջանի ԽՍՀ ոստիկանական ջոկատների խորհրդային բանակի դեմ կանգնած էր հայի հաղթելու կամքը։ Ինչպե՞ս կայացավ այդ հաղթանակը։

— Այդ տարիներին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կամավորական ջոկատները պետք է սկսեին տիրապետել ռազմական գործին ու զենքին: Սակայն, մինչ այդ պարտիզանական մարտեր էինք վարում, քանի որ թշնամին շրջափակել էր Ղարաբաղը, իսկ մենք զենք շատ քիչ  ունեինք: Կարճ ժամանակահատվածում փորձ ձեռք բերեցինք ու որոշեցինք, որ այլևս չենք պաշտպանվելու և պետք էր դիմել հակագրոհի: Առաջին հակագրոհը Տող գյուղի ազատագրման գործողությունն էր՝ 1991թ. հոկտեմբերի 30-ին, երկրորդ մեծ գործողությունը 1992թ. հունվարի 26-ի Քարինտակի օպերացիան էր (Քարինտակի մարտերին անդրադարձել ենք առանձին հրապարակմամբ,- Ա.Կ.): Մեր հաղթանակները սկսվեցին հենց այն պահից, երբ մենք սկսեցինք գրոհել:

Բնակավայրերի ազատագրումից հետո պաշտպանության հարց էլ էր առաջանում: Ինչ վերաբերում է գրոհներին՝ դրանք հստակ որոշված ու գծագրված էին, իսկ Շուշիի ազատագրումը նոր էջ դարձավ մեր հաղթանակների համար:

Կամավորական ջոկատներից սկսվեց բանակը ձևավորվել և 1992թ. հունվարի քսանութին հիմք դրվեց Հայաստանի զինված ուժերին: Ժամանակն ու իրավիճակը ստիպեցին, որ ձևավորվի կենտրոնական հրամանատարություն, մասնագետներ պատրաստվեն: Ու հիմնադրվեց Պաշտպանության նախարարությունը, սակայն նշեմ, որ մինչև նախարարություն ունենալը, արդեն իսկ նախարար ունեինք:

Մեր հաղթանակը կայացավ, քանի որ մեր մարտական ոգին շատ բարձր էր, մեր ձգտումների մեջ մենք միասնական էինք՝ մեր ընտանիքները, բարեկամները Հայաստանում մի նպատակ ունեին՝ օգնել Ղարաբաղին: Դա ժամանակ էր, երբ հանրությունը միասնաբար լծված էր այդ գործին:

Արկադի Իվանովիչ, նշեցիք, որ ձգտումների մեջ մենք միասնական էինք: Իսկ ինչոր հակասություններ հրամանատարական կազմի, կենտրոնական հրամանատարության և ազատամարտիկների միջև լինու՞մ էին:

— Կային փոքր տարաձայնություններ, բայց Վազգեն Սարգսյանն այդ ժամանակ կարողացավ համախմբել ռազմական և քաղաքացիական կադրերին, որ օգնեին ռազմական գործին: Արդյունքում, ջոկատների մարտական ոգուն գումարվեց ռազմական գիտելիքները և համատեղ ուժերով վերակայացավ բանակը:

Դուք այսօր նախաբանակային տարիքի երիտասարդների կրթությամբ եք զբաղվում: Երիտասարդների մոտ ի՞նչ տրամադրվածություն կա:
— Մեր տղաներն այստեղ ավարտում են ու գնում բանակ, սակայն բանակում մենք կապը նրանց հետ չենք կտրում: Նրանց մի մասը դժվարությամբ է բանակ գնում, սակայն ընթացքում տեսնում ու գնահատում են բարեփոխումները, իսկ մի մասն էլ գերադասում է շարունակել ծառայությունը:

Արկադի Իվանովիչ, այսօր քննարկման առարկա է դարձել բանակում գրանցված դեպքերը: Ինչպե՞ս կգնահատեք Հայոց բանակում ներկա իրավիճակը:

—Պետք է ասեմ, որ ամերիկացի, թուրք մասնագետները մեր բանակին ծանոթանում են և այն լավագույնն են համարում: Մեր բանակի բացասական կողմերի մասին խոսակցությունները խեղդում են դրական կողմերը, բայց պետք է նշել, որ ամեն տարի բանակում շատ բաներ բարելավվում են: Հիմա ամեն ինչ արվում է՝ բանակում  միջանձնային  հարաբերությունների արդյունքում ծագած խնդիրները լուծելու համար, որը բանակը մեկ այլ փուլ կտեղափոխի: Բանակն էլ է մեղավոր գրանցված դեպքերի համար, բայց մեր հասարակությունն էլ պիտի պատասխանատվություն զգա դրա համար:

Մեր բանակի թույլ կողմը զինվոր-սպա հարաբերություններն էին: Սակայն նախարարությունը նոր քայլեր է ձեռնարկել այդ հարաբերությունները կանոնակարգելու համար: Բարեփոխումների արդյունքում սպան ավելի քան կգիտակցի, որ պատերազմի դեպքում հայրենիքի առաջին պաշտպանը հենց զինվորն է, իսկ զորամասում սպան ու զինվորը պետք է ընկեր լինեն:

Պետք չէ մոռանալ, որ արտակարգ պատահարներ լինում են ամեն տեղ ու դա հատուկ չէ միայն բանակին: Ամեն օր լսում ենք սպանության, ավտովթարի, տղայական հաշիվների մասին, որից միշտ զոհեր են լինում, մեր տղաները սպանվում են Ռուսաստանում: Բայց չեն ասում այստեղ կամ այնտեղ հերթական զոհն է եղել, իսկ բանակի դեպքում այդպես են ձևակերպում: Սակայն, քննադատելիս պետք է հիշել, որ ամեն տեղ էլ դեպքեր լինում են, իսկ նախարարությունն ամեն բան անում է նման դեպքերը նվազեցնելու համար: Ես համոզված եմ, որ այս տարի բանակի մասին ավելի լավն ենք լսելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *