Կապավորները նշեցին իրենց տոնը (ֆոտո)

«Ես արդեն 18 տարի է ծառայում եմ Կապի զորքերում: Չեմ փոշմանում, գտնում եմ, որ իմ պարտքն եմ կատարում»- պատվոգիր ստանալուց հետո Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ զորամասերից մեկի Կապի հանգույցի ավագ ենթասպա Լուսինե Վարդանյանը:

Ավագ ենթասպա Լուսինե Վարդանյանի տղան շնորհավորում է պատվոգիր ստանալու առիթով

Ավագ ենթասպա Լուսինե Վարդանյանի տղան շնորհավորում է պատվոգիր ստանալու առիթով

Ենթասպա Վարդանյանը ռադիոտեխնիկ է, օդային կապ է ապահովում: Ինչպես ինքն է նշում, կապը միավորում է բոլոր զորամիավորումներին ու հենց կապով է ղեկավարվում ամբողջ զորքը:

Այսօր` սեպտեմբերի 14-ին, ՀՀ զինված ուժերի Կապի զորքերը նշում են իրենց կազմավորման 21-րդ տարեդարձը: Այդ առիթով ՊՆ զորամասերից մեկում կազմակերպվել էր մեծ միջոցառում, որին ներկա էին նախարար Սեյրան Օհանյանը, ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ Կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:

Սեյրան Օհանյանը ծանոթանում է սարքավորումներին

Սեյրան Օհանյանը ծանոթանում է սարքավորումներին

Կապի ստորաբաժանման ծառայողները

Կապի ստորաբաժանման ծառայողները

Տոնի կապակցությամբ ներկաներին հնարավորություն տրվեց տեսնել, թե կապի ինչ սարքավորումներ ունի հայկական բանակը: Սեյրան Օհանյանը զորամասի հրամանատարական կազմի հետ շրջայց կատարեց, ծանոթացավ սարքավորումներին, նոր հանձնարարականներ տվեց:

Մասնագիտական տոնի կապակցությամբ հանդիսավոր պայմաններում շնորհակալագրեր, պատվոգրեր ու խրախուսանքի արժանացան մի շարք զինծառայողներ:

Նախարարը պարգևատրում է պատվոգրերով:

Նախարարը պարգևատրում է պատվոգրերով:

«Երիտասարդ բանակ, որի ավյան մեջ կա ըմբոստություն և փորձառություն: Կապի վարչությունն այն կառույցն է, որ համագործակցում է բոլոր զորամիավորումների հետ: Առանց կապի չի կարող լինել փոխգործակցություն»,- շնորհավորելով կապավորներին` նշեց Սեյրան Օհանյանը:

Նախարարը հավելեց նաև, որ այս ընթացքում հայկական բանակը միշտ էլ համալրվել է կապի նոր սարքավորումներով, արդիականացվել են հները, զարկ է տրվել տեղական արտադրության սարքավորումներին:

Կապավորները

Կապավորները

«Այն կազմակերպություններն ու ձեռնարկությունները, որոնք կանգնած են կապի կատարելագործման ճանապարհին, իրենց աշխատանքով, նորարությամբ, գիտահետազոտական փորձակոնստրուկտորական գործունեությամբ անընդհատ զինված ուժեր մատակարարում են կապի նոր նմուշներ: Մենք պետք է շորհակալ լինենք նրանց, և հավաստիացնենք ժողովորդին, որ զինված ուժերը կանի ամեն ինչ, որ մեր ժողովուրդը խաղաղ պայմաններում ապրի ու արարի` ապահովելով հայկական զինված ուժերի զարգացումը»,- նշեց նախարարը:

Բանակ-հասարակություն կապ: Զորամասի դռները բաց էին բոլորի համար

Բանակ-հասարակություն կապ: Զորամասի դռները բաց էին բոլորի համար

Պատվոգիր ստացողների մեջ էր նաև շարքային Նունե Կարապետյանը: Շուտով կլրանա մեկ տարի, ինչ Նունեն անցել է ծառայության: Մասնագիտությամբ ռազմական հոգեբան է, հիմա ծառայում է կապի զորքերում:

Կապավոր կանայք պատվոգրերով

Կապավոր կանայք պատվոգրերով

Կապավոր կանայք մեծ հպարտությամբ էին խոսում իրենց ծառայության մասին, նշելով, որ այդպես կանայք նույնպես կարող են իրենց դերն ունենալ հայրենիքի պաշտպանության գործում:

Թե՛ Լուսինեն, և թե՛ Նունեն գտնում են, որ զինված ուժերում կինը իր տեղն ունի: Իսկ ահա պարտադիր ծառայության մասին դժվարանում են խոսել: «Բանակը ուժեղ կանանց տեղ է. ամեն կին չէ, որ կարող է դիմանալ, համակերպվել այդ ռեժիմին»,- բացատրում է ավագ ենթասպա Լուսինե Վարդանյանը:

Տոնն ամբողջանում է երեխաներով ու եռագույն փուչիկներով

Տոնն ամբողջանում է երեխաներով ու եռագույն փուչիկներով

Նկարները` Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *