Օրվա ամփոփում. Իրանին հարվածելն անթույլատրելի է. ՌԴ ԱԳՆ: Որտեղի՞ց են գալիս բանակի խնդիրները

Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում են եղել բանակում առկա ոչ կանոնադրային հարաբերությունները և դրանց հետևանքները: Շարունակվել և դահլիճում անկառավարելի աղմուկի պատճառով մեկ օրով հետաձգվել է Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Ռազմական փորձագետներն անդրադարձել են Ադրբեջանի հետագա՝ հավանական քայլերին:

  • «…Այն խնդիրները, որ հիմնականում լինում են, նրանից է, որ բանակում ծառայողների մի մասն այնպիսի խավից են, որ նրանց համար մարդու չափանիշները, իդեալները մի քիչ այլ են։… Փոխանակ երեխային ասելու` քարը վերցրու ու տուր ընկերոջդ գլխին, պետք է նրան սովորեցնել ծառայել ու ապրել ընկերոջ համար»,- անդրադառնալով բանակում գրանցվող ոչ կանոնադրային հարաբեություններին ՝ասել է Արցախյան ազատամարտի մասնակից, երգիչ Դավիթ Ամալյանը:
  • Ոչ մարտական պայմաններում բանակում մահացած սպա Արտակ Նազարյանի գործով դատավարության ժամանակ վկան ասել է, որ մեղադրյալները բռնություն են գործադրել սպայի նկատմամբ, իսկ թե ինչ է նշանակում բռնություն կամ ինչ տեսակի բռնություն է եղել՝ վկան չի կարողացել պատասխանել և, առաջացած խառնաշփոթի հետևանքով, դատը հետաձգվել է մեկ օրով:
  • «Ադրբեջանն անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքն այնքան ուժեղ է, որ կարող է կամք թելադրել կամ ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն նա այդ հնարավորությունը չունի: Բաքվի քարոզչությունը լոկ հայտարարությունների վրա հիմնված քարոզչություն է, ոչ ավելին»,- ասել է ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
  • «Ադրբեջանի ղեկավարությունը վստահ է, որ պատերազմով որևէ խնդիր չի կարող լուծվել, ավելին՝ այդ երկրի բանակը պատրաստ չէ պատերազմական գործողությունների»,- նշել է ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
  • ԵԱՀԿ առաքելությունը ԼՂ-ի և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում. խախտումներ չեն արձանագրվել:
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը մեկնել է Բրյուսել՝ մասնկացելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և գործընկեր պետությունների Շտաբի պետերի նիստերին:
  • Անդրադառնալով Ռուսաստանին պատկանող՝ Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի պայմանագրի ժամկետի երկարացման խնդրին՝ «Հայացք»-ը գրում է, որ Ադրբեջանը չի կարող Վաշինգտոնի մեծագույն աջակցությոնն ակնկալելով դեմ գնալ Ռուսաստանին և Իրանին, քանի որ վերջիններս կարող են պարզապես համատեղ ձգել «պնդօղակները»:

 

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  1. «Իրանի տարածքին ռազմական հարված հասցնելն անթույլատրելի է»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը: Նույն համոզմունքին է նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Իրանը մեր հարևանն է, եթե Իրանը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, ապա այդ պարագայում ուղղակիորեն սպառնալիքի տակ կդրվի նաև Ռուսաստանի ազգային շահերը»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուլիյամ Բըրնզի հետ հանդիպման ժամանակ:
  2. «Տարածաշրջանի որևէ երկրում, Իսրայելից բացի, միջուկային զենք չկա։ Միջուկային զենքից տարածաշրջանը մաքրելու գաղափարը մի քանի տարի առաջ Իրանն է առաջ քաշել։ Իսրայելը չի միացել նույնիսկ Միջուկային զենքի կանխարգելման մասին համաձայնագրին։ Այդ երկիրը միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք տարածաշրջանի համար վտանգ են ներկայացնում»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգել է ուժեղացնել երկրի միջուկային ծրագրում ներառված գիտնականների անվտանգության միջոցները: Այս մասին տեղեկացրել է Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարար Քյամրան Դանեշչուն՝ նշելով, որ իրանցի իրավապահները երկրում կանխել են 100 նմանատիպ ահաբեկչություն։
  3. Անդրադառնալով արևմուտքի կողմից Իրանի դեմ կիրառվելիք պատժամիջոցներին՝  նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (OPEC) Իրանի ներկայացուցիչ Մոհամեդ Ալի Խաթիբին հայտարարել է, որ եթե ԵՄ-ը ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում բեռնարգելք դնի իրանական նավթի ներկրման վրա, ապա դա նրա համար կլինի տնտեսական ինքնասպանություն:
  4. Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարությունն է տարածել, որտեղ ասվում է, որ երկիրը կտրականապես դեմ է Սիրիա արաբական երկրների զորքեր մտցնելուն. դա կհանգեցնի «իրավիճակի վատացմանը և լայն դռներ կբացի օտարերկրյա միջամտության համար»:
  5. Ամերիկացի՝ թոշակի անցած ադմիրալ Թիմ Քիթինգը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում Իրանի դեմ ձեռնարկվելիք կանխարգելիչ միջոցառումների նպատակով ամերիկացի զինծառայողներին կարող է օգնել դելֆինների հատուկ նշանակության ջոկատը, իսկ թե ինչպես՝ չի մանրամասնել:
  6. ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Ռիկ Փերին հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կասկածի տակ դնելու և Անկարային ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը կասեցնելու համար։ Փերին դրա համար մի քանի պատճառ է նշել՝ ընդգծելով, որ Թուրքիայում իշխանությունը գտնվում է իսլամական կուսակցության ձեռքում:
  7. Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն բանակում կրճատումներ կիրականացնի: Սպասվում է, որ մոտակա ժամանակները ցամաքային ուժերից հեռացվելու են 2900, Ռազմաօդային ուժերից՝ մոտ 1000, իսկ նավատորմից` 300 զինծառայող: Մինչև 2015թ-ը ՄԲ-ի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն յուրաքանչյուրը պետք է կրճատի 5000-ական զինծառայող:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *