Հետևել են Բրազիլիայի, Մեքսիկայի նախագահների նամակագրությանը

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) հետևել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի, ինչպես նաև Մեքսիկայում այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Էնրիկե Պենյան Նյետոյի նամակագրությանը։

Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդեն

Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը՝ հղում տալով ԱԱԳ նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի՝ ամերիկյան լրագրող Գլեն Գրինոուլդին տրամադրած փաստաթղթերին։

Համաձայն դրանց՝ ամերիկացիները պարբերաբար ընթերցել են 2012-ի հունիսից գրված Նյետոյի նամակները, որոնցում Մեքսիկայի ապագա նախագահը քննարկում է մյուս թեկնածուներին։ Բացի այդ, գաղտնալսվում էր նրա հեռախոսը և ընթերցվում էին բջջային հաղորդագրությունները։ Ընդ որում, Գրինուոլդը չի հստակեցրել՝ արդյոք Պենյա Նյետոյի նկատմամբ հետախուզական գործողությունները շարունակվել են վերջինիս՝ նախագահ դառնալուց հետո։

Նշենք, որ Բրազիլիայի ու Մեքսիկայի նախագահական աշխատակազմի մամուլի ծառայությունները դեռևս չեն մեկնաբանել այս նորությունը։ Բրազիլիայի արդարադատության նախարար Էդուարդո Կարդոզը հայտարարել է, որ եթե լուրերը հաստատվեն, ապա ամերիկյան հատուկ ծառայությունների քայլը կորակավորվի՝ որպես «Բրազիլիայի սուվերենության ակնհայտ խախտում»։

Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian պարբերականի լրագրող Գլեն Գրինուոլդը, որն այժմ ապրում է Բրազիլիայում, ձեռք է բերել Սնոուդենի բոլոր փաստաթղթերը։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել են թերթին հրատարակել դրանք ու՝ ներխուժելով թերթի խմբագրություն, վերացրել են փաստաթղթերի պատճենները, սակայն դրանք պահպանվել են Գրինուոլդի համակարգչում։

Հավելենք, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ու ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013-ի ամռան սկզբին բրիատանական The Guardian-ին ու մի շարք առաջատար լրատվամիջոցների էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր։ Նա մասնավորապես հանրության համար բացահայտել էր PRISM կոչված հետախուզական ծրագիրը, որը թույլ էր տալիս արդյունավետ կերպով տեղեկություններ կուտակել համացանցային օգտատերերի ու բջջային կապի բաժանորդների մասին։ Ըստ Սնոուդենի՝ տեղեկությունների հավաքագրման այդ համակարգը կիրառվում է օրենքից դուրս, բայց համաշխարհային մակարդակով հայտնի համացանցային ու բջջային կապի ընկերությունների ներքին համաձայնությամբ։ Սնոուդենը բացի ամերիկյան գաղտնի փաստաթղթերից, տեղեկություններ է հրապարակել վերջիններիս եվրոպական ծառայակիցների հետ համագործակցության վերաբերյալ։

Մամուլի՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակման ժամանակ Սնոուդենն արդեն իսկ լքել էր ԱՄՆ-ն և Հոնկոնգում էր։ Հունիսի վերջին նա ժամանել էր Մոսկվա՝ Շերեմետյեվո օդանավակայանում մնալով 40 օր։ ՌԴ իշխանությունները նրան տրամադրել են 1 տարի ժամկետով ժամանակավոր ապաստարան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *