Հայաստանի ու Ադրբեջանի «տանկային բալանսի» խնդիրը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համաձայն բրիտանական «Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի» (IISS) տվյալների՝ Ադրբեջանի բանակը հիմնական սպառազինություններով գերազանցում է հայկական բանակին մոտ երեք անգամ։ Արդյո՞ք իսկապես այդպես է։

Հայտարարությունում որպես օրինակ նշած է տանկերի և մարտական ինքնաթիռների քանակը։ Ինքնաթիռների պարագայում ամեն ինչ պարզ է. Ադրբեջանը դեռ ԽՍՀՄ-ից ժառանգություն էր ստացել զգալի թվով ինքնաթիռներ, մինչդեռ Հայաստանը ստիպված էր օդուժը, այդ թվում` ցամաքային ենթակառուցվածքը, ստեղծել գրեթե զրոյից։

Ճիշտ է՝ ադրբեջանական այդ ժառանգության զգալի մասը մեր տարածաշրջանում գործնականում անօգուտ ՄիԳ-25 ինքնաթիռներ էին, սակայն Հայաստանը նույնիսկ դա չուներ։

Ինչ վերաբերում է տանկերին, ապա Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տվյալները վերցրել են IISS-ի ամենամյա «Military Balance» զեկույցից (ինչն, իր հերթին արդեն զավեշտ է. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում պիտի առանց IISS-ի էլ իմանան սեփական տանկերի քանակը)։ Զեկույցի՝ ՀՀ վերաբերյալ հատվածում նշած են մեր երկրի ներկայացրած պաշտոնական տեղեկությունները, որոնք 90-ական թվականներից ի վեր գրեթե չեն փոխվել։ Մասնավորապես տանկերի քանակը նշված է 110 մեքենա, ներառյալ` 102 միավոր Տ-72, 3 միավոր Տ-54 և 5 միավոր Տ-55։

Նույն զեկույցի համաձայն` Ադրբեջանն ունի 339 տանկ, այդ թվում` 244 միավոր Տ-72 և 95 միավոր Տ-55։

Այսպիսով, տանկերի եռակի գերազանցության մասին ադրբեջանական հայտարարությունը հիմնված է բրիտանական կազմակերպության զեկույցում հիշատակվող 110 հայկական և 339 ադրբեջանական տանկերի համեմատության վրա, ընդ որում՝ «մոռանալով» նշել Արցախի պաշտպանության բանակում առկա զրահատեխնիկան։

Իսկ ո՞րն է իրական պատկերը։

Ադրբեջանի սպառազինության քանակն իրականությանը մոտ գնահատելու համար պիտի փորձենք հետևել դրան առնվազն 1994–95 թվականներից, այսինքն` պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Հետպատերազմյան տարիների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական որոշ տվյալներ կարելի է գտնել հենց ադրբեջանական աղբյուրներում և, մասնավորապես, Եվգենի Ալիևի՝ «Սովորական սպառազինության նկատմամբ միջազգային հսկողություն և չվերահսկվող զենք» հոդվածում։

Այսպես, համաձայն այդ տվյալների, պատերազմից հետո, 1995 թվականի դրությամբ Ադրբեջանն ունեցել է 155 միավոր Տ-72 և 130 միավոր Տ-55 տանկ։ Պատերազմին հաջորդող տարիներին Ադրբեջանը տարբեր պատճառաբանություններով հայտարարել է 68 տանկի՝ (36 միավոր Տ-72 և 32 միավոր Տ-55) սպառազինությունից հանելու մասին, որոնցից մեզ հարաբերականորեն արժանահավատ են թվում 43 տանկի (18 Տ-72 և 25 Տ-55) մասին տեղեկությունները, քանի որ դրանք սպառազինությունից հանվել են պատերազմում ստացված վնասվածքներից վերականգնելու անհնարության պատճառաբանությամբ (այդ տանկերը ներառված չեն եղել Ադրբեջանի` նախկինում հայտարարված մարտական կորուստների ցուցակում)։

Այսպիսով, պատերազմից հետո Ադրբեջանի ունեցած տանկերի քանակը կարող է գնահատվել 217-242 տանկ, այդ թվում` 119-137 Տ-72 և 98-105 Տ-55։ Դրան գումարած` համաձայն սպառազինությունների ՄԱԿ-ի ռեեստրի տվյաների, վերջին տասնամյակում Ադրբեջանը ձեռք է բերել 168 միավոր Տ-72 (հիմնականում Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից)։ Այս ամենին պետք է ավելացնել նաև 94 միավոր Տ-90Ս, որոնց մատակարարումը նոր է միայն սկսվել և ակնկալվում է, որ կավարտվի 2015 թվականին, սակայն այստեղ և ստորև մենք պարզության համար կհամարենք, որ բոլոր տանկերն Ադրբեջանն արդեն ստացել է։

Փաստորեն, հենվելով ադրբեջանական աղբյուրների ինչպես նաև Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ՄԱԿ-ի ռեեստրին տրամադրած տեղեկությունների վրա՝ Ադրբեջանում առկա տանկերի համար ստանում ենք հետևյալ գնահատականը. 287–305 միավոր Տ-72, 98–105 միավոր Տ-55, 94 միավոր Տ-90, ընդհանուրը` 479–504 տանկ։ Ինչպես տեսնում ենք, Տ-72 տանկերի քանակի մեր գնահատականը զգալիորեն տարբերվում է IISS-ի գնատականից (339 տանկ)։ Մեր գնահատականներին բավականին մոտ է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ԵՍԶՈւ պարտականությունների կատարման մասին զեկույցում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ 2012 թվականին Ադրբեջանը գերազանցել է տանկերի թույլատրելի քանակը (220 տանկ) շուրջ 160 միավորով, այսինքն` խոսքը մոտ 380 տանկի մասին է։ Եթե այս թվին ավելացնեք 94 միավոր Տ-90-ը, որոնք ակնհայտորեն ներառված չեն, ապա ստանում ենք մոտ 480 տանկ։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա ինչպես վերը նշեցինք, «Military Balance» զեկույցում ներառված են մեր երկրի պաշտոնական տվյալները 110 տանկի մասին, սակայն այդ տվյալներն էլ են որոշակի հարցեր առաջացնում։ Այսպես օրինակ` 2012 թվականի հունիսի 4–7-ը դանիական տեսչական խումբն այցելելով Եղվարդ՝ այնտեղ հայտնաբերել է զգալի քանակով ծանր զրահատեխնիկա, այդ թվում` մոտ 60 միավոր տանկ, ավելի քան 50 միավոր հետևակի մարտական մեքենա և մոտ 120 զրահափոխադրիչ։ Ի լրումն այս փաստի, պետդեպարտամենտի զեկույցում նշվում է նաև 2011թ. զորահանդեսի ժամանակ ցուցադրված, բայց նախկինում չհաշվառված ԲՏՌ-80 զրահափոխադրիչները։

Չհաշվառված այս զրահատեխնիկայի առկայությունը, Եղվարդում հայկական կողմը բացատրել է՝ ներկայացնելով դրանք որպես ռուսական 102-րդ ռազմաբազային պատկանող տեխնիկա, որոնք Եղվարդ են բերվել, որպեսզի հայ մասնագետները ստուգեն տեխնիկական վիճակը և որոշեն՝ արդյոք դրանք ենթակա են նորոգման, թե պիտի հանվեն սպառազինությունից։ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում, սակայն, նշվում է, որ թեև որոշ մեքենաներ կրել են ռուսական տարբերանշաններ, բայց դանիացի տեսուչներին այդպես էլ չի հաջողվել վերջնականապես պարզել, թե ում է իրականում պատկանում այդ ամբողջ տեխնիկան։

Եթե հաշվի առնենք, որ բաց աղբյուրների տվյալներով՝ 102-րդ ռազմաբազայում հաստիքով նախատեսված է 41, իսկ փաստացի առկա է 74 տանկ, ապա քիչ հավանական է թվում, որ 74 տանկից 60-ը տեխնիկական զննման նպատակով միաժամանակ տեղափոխված լինեն Եղվարդ։

Ինչ վերաբերում է Արցախի պաշտպանության բանակին, ապա այստեղ քանակական գնահատականներ տալը շատ ավելի բարդ է պաշտոնական տվյաների իսպառ բացակայության պատճառով։ Սակայն ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մասնագիտական և վերլուծական շրջանակներում ընդունված են համարվում դեռևս 1997 թվականին Ադրբեջանի հրապարակած տվյալները, համաձայն որոնց Արցախում կա 316 միավոր տանկ, որոնք գրեթե բոլորը Տ-72 են։ 1997-ից հետո Պաշտպանության բանակի ձեռքբերումների մասին քանակական կոնկրետ տվյալներ առհասարակ չկան, և մենք կարող ենք միայն դատողություններ անել` ելնելով անուղղակի փաստերից։ Այդպիսի փաստերից մեկն էր Արցախում նոր տանկային բրիգադի ձևավորումը, ինչի մասին Ռազմինֆոն տեղեկացրել էր, իսկ դա ենթադրում է մոտ 120 միավոր նոր տանկ։

Այսպիսով, եթե հանրագումարի բերենք, ապա բավականաչափ մեծ վստահությամբ Արցախում առկա տանկերի քանակը կարող ենք գնահատել մոտ 430-440, իսկ Հայաստանի Հանրապետությունում` 110 միավոր տանկ։ Բացի այդ կարելի է ենթադրել նաև, որ Եղվարդում գտնվող վերոհիշյալ 60 տանկերը և մնացած զրահատեխնիկան նույնպես պատկանում են հայկական բանակին։

Ընդ որում, նշենք, որ Տ-54/Տ-55-երի քանակը հայկական բանակում, ըստ ամենայնի, չնչին է։ Այդ տիպի տանկերի ձեռքբերման հիմնական աղբյուրը Ադրբեջանից խլված ռազմավարն էր, սակայն Ադրբեջանի մարտական կորուստները պատերազմում կազմել են 26 միավոր Տ-54/Տ-55, որոնցից, բնականաբար, միայն մի մասն է եղել ռազմավար։ Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում կա Տ-54/Տ-55 տիպի 8 տանկ, իսկ ընդհանրապես հայկական զինուժում դրանց քանակը հազիվ թե գերազանցի 10-15 միավորը։ Մնացած բոլոր տանկերը Տ-72 տիպի են։

Արդյունքում ունենում ենք հայկական և ադրբեջանական բանակների ունեցած տանկերի հետևյալ քանակական գնահատականները (առանց դանիական տեսչական խմբի կողմից Եղվարդում հայտնաբերված 60 տանկի).

ՀՀ զինված ուժեր Արցախի Պաշտպանության բանակ Միացյալ հայկական բանակ Ադրբեջանի ազգային բանակ
Տ-54/Տ-55 8 մի քանի միավոր ոչ ավել քան 10-15 98-105
Տ-72 102 ~430-440 ~530-540 287-305
Տ-90 0 0 0 94
Ընդհանուր 110 ~430-440 ~540-550 479-504

Հասկանալի է, որ բաց և արժանահավատ տվյալների սակավության պատճառով բավականին դժվար է ճշտգրիտ գնահատականներ տալ։ Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք հնարավորինս զգույշ լինել, ինչպես օրինակ`«եղվարդյան» 60 տանկի դեպքում, որոնց պատկանելության և ճակատագրի վերաբերյալ այս պահին ոչինչ հնարավոր չէ վստահաբար պնդել և այդ։ Բացի այդ, թեև Արցախում եղած տանկերի քանակի վերաբերյալ ադրբեջանցիների 316 միավոր գնահատականն առանձնապես չի վիճարկվում, սակայն այդ գնահատականն էլ կարող է պարունակել ինչպես սխալներ, այնպես էլ միտումնավոր ուռճացումներ։

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ որևէ եռակի գերազանցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ավելին, ակնհայտ է նաև, որ ադրբեջանական բանակը վաղ թե ուշ ստիպված է լինելու ի սպառ հրաժարվել (եթե դեռ չի հրաժարվել) Տ-54/Տ-55 տիպի տանկերից և հետևաբար ստիպված է լինելու նոր գնումներ կատարել։

9 Responses to Հայաստանի ու Ադրբեջանի «տանկային բալանսի» խնդիրը

  1. Եթե չեմ սխալվում Ադրբեջանի բանակից Տ-54/Տ-55 տանկերը հանվել են:

  2. Ռազմ.ինֆո,դու ձեզ հույս տվեք,թշնամուն թերագնահատելով բան չի փոխվում:ադրբեջանը ունի 90 միավոր Տ-90 տանկ,որոնք ամենաարդիականն են ու ամենահզորը,որից Հայաստանը ընդհանրապես չունի…
    http://youtu.be/mou24x9iU3c?t=7s

    • Նախ մենք թշնամուն չենք թերագնահատում և ոչ էլ որևէ մեկին հույս ենք տալիս։ Մենք ներկայացնում ենք իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ ոչ մի եռակի գերազանցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ավելին, հայկական բանակը ունի որոշակի քանակական գերազանցություն ունի։

      Երկրորդ եթե դուք ուշադիր կարդայիք հոդվածը, կիմանայիք, որ 94 միավոր Տ-90 Ադրբեջանը կունենա մոտավորապես 2015 թվականին։ Ներկայումս մատակարարվել է մինչև 20 միավոր մեքենա։

      Ինչ վերաբերում է Տ-90-ի ամենաարդիական և ամենահզորը լինելուն, ապա դա ևս իրականությանը չի համապատասխանում։ Տ-90-ը Տ-72 տանկի հերթական արդիականացումն է և ի սկզբանե կոչվել է Տ-72ԲՈՒ։ Տ-90 անվանումը հետագայում է տրվել գովազդային նկատառումներից ելնելով։ Սովորական Տ-72-ից հիմնական տարբերությունը, որը չի կարող փոխհատուցվել արդիականացմամբ, աշտարակի կառուցվածքն է։ Նոր աշտարակը մոտ 15 տոկոսով ավելի ամուր է։ Փոխարենը շատ անհաջող է Տ-90-ի դինամիկ պաշտպանությունը, որով պաշտպանված չէ տանկի ճակատային հատվածի զգալի մակերես։

      Եվ առհասարակ, հղում անել «Военная тайна» կամ «Ударная сила» տիպի հաղորդումներին ” դա մեղմ ասած այնքան էլ լուրջ չէ։ Նույն հաջողությամբ կարելի է հղում անել գեղարվեստական կինոնկարին։

  3. Եվ `ոչինչ: Կարելի է գեթ կարդալ և տեսնել, թե իրականում որքան է հեռացել Т-90-ը իր “մեծ եղբայր” T-72-ից:

    • Հարգելի Սարգիս, տեղյակ չենք, թե դուք ինչ և որտեղ եք կարդացել, բայց Տ-90-ը Տ-72-ից տարբերվում է առանձին հանգույցների որոշակի արդիականացումներով։ Թերևս միակ էական տարբերությունը, որին հնարավոր չէ հասնել Տ-72-ն արդիականացնելով, աշտարակն է։ Տ-72-ի աշտրակը ձուլված է, Տ-90-ինը` գլանված։ Իսկ չարդիականացված վիճակում օրինակ` Տ-72Բ-ի և Տ-90-ի մարտական պոտենցիալների տարբերությունը 10%-ի կարգի է։

  4. Ինձ մեկ-մեկ սկսում է թվալ, որ եթե մեր ԶՈՒ-ն ունենան, օրինակ, 1980թ արտադրված Су-27-եր, իսկ հավանական թշնամին, ասենք, 2010-ի արտադրության Су-35-եր, Դուք կգրեք, որ դրանցում ոչ մի լուրջ տարբերություն չկա, քանզի Су-35-ը նույն Су-27-ի глубокая модернизация-ն է: :-) :-)

    • Խորն արդիականցում ասվածը ենթադրում է, որ մեքենայում գրեթե բոլոր սարքավորումներն ու հանգույցները փոխարինվել են սկզբունքորեն նոր հանգույցներով։ Ըստ այդմ` Սու-35-ը և Սու-30-ը Սու-27-ի խորը արդիականացումներ են։ Նույնը չի կարելի ասել Տ-90-ի մասին, որտեղ կրկնենք, միակ, սկզբունքորեն տարբերվող հանգույցը աշտարակն է։ Մյուս հանգույցներն ուղղակի փոքր ինչ լավացվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>