Տավուշի հատվածում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը

Այսօր՝ օգոստոսի 17-ին, լուրեր է տարածվել, որ հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում երեկ՝ օգոստոսի 16-ին, կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը ստուգելու համար Ռազմինֆոն կապվեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։  Վերջինս հաստատեց տարածված լուրը՝ հավելելով. «Կրակոցները արտառոց մասշտաբների չեն եղել, այնքան, ինչքան մշտապես կրակում են։ Հայկական կողմը վիրավորներ չունի»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ տարածված լուրերի՝ հակառակորդը կրակել է նաև սահմանամերձ Մովսես, Չինարի, Բերքաբեր գյուղերի ուղղությամբ։
Ռազմինֆոն զրուցեց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ։ Նա նշեց, որ գյուղի վրա չեն կրակել։ «Մարտական դիրքերի կողմից կրակոցներ լսվել են, սակայն գյուղի վրա կրակոցներ չեն եղել»,- ասաց Սաղոյանը։
Ռազմինֆոն դեռևս չի կարողանում կապ հաստատել Մովսես գյուղի գյուղապետի հետ, իսկ Բերքաբեր գյուղի գյուղապետը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *