Թուրքիայի ցամաքային զորքերի նոր հրամանատարը հայկական լոբբիի մասնագետ է

Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար նշանակված բանակի գեներալ Հուլուսի Աքարը զբաղվել է գիտական աշխատանքով, որը կապված է Հայաստանի առաջին հանրապետության և հայկական լոբբիի վերաբերյալ հարցերին։

Նման տեղեկություն է տարածել թուրքական «Սաբահ» պարբերականը, որը հայտնի է թուրքական բանակի վերաբերյալ հարուստ տեղեկատվություն հաղորդելով։

Օգոստոսի 3-ին Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի նիստի ժամանակ երկրի ցամաքային զորքերի հրամանատար նշանակված գեներալն ունի դոկտորի գիտական աստիճան։ Նա զբաղվել է Հայաստանի առաջին հանրապետության հարցերի, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիի՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա ազդեցության ուսումնասիրմամբ։

Նրա գրած գիտական աշխատանքը կոչվում է «Հարբորդի ռազմական առաքելությունը Հայաստանում. ամերիկյան մի պատվիրակության պատմությունն ու թուրք-ամերիկյան հարաբերությունների ազդեցությունը»։

Թուրք գեներալը զինվորական ծառայությանը զուգահեռ գիտական գործունեություն է ծավալել Ստամբուլի Բողազիչի համալսարանում և Աթաթուրքի սկզբունքների ու հեղափոխության պատմության ինստիտուտում։

Նշենք նաև, որ գեներալ Աքարը Թուրքիայի հանրապետական շրջանի ամենաերիտասարդ ցամաքային զորքերի հրամանատարն է։ Թուրք մասնագետների մի մասն անգամ սկսել է կանխատեսումներ անել, թե 2015 թվականին գեներալ Աքարը նշանակվելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *