ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան տարհանում են իրենց դեսպանատան աշխատակիցներին Եմենից

Այսօր՝ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարությունը որոշել է տարհանել Եմենի ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին՝ կապված «Ալ Ղաիդայի» կողմից հնարավոր հարձակման հետ։

Եմենում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ևս խորհուրդ է տրվում «անհապաղ լքել երկիրը»։

Հիշեցնենք, որ Եմենում Մարիբ շրջանում ամերիկյան անօդաչու սարքերի միջոցով սպանվել է «Ալ Ղաիդայի» հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող 4 անձ, որոնցից մեկն ընդգրկված էր 25 զինյալի անուն ներառող ցուցակում։

Ըստ AFP գործակալության տվյալների՝ այս 25 հոգուն կասկածում էին Եմենում մոտ օրերս ծրագրված ահաբեկչության կազմակերպման մեջ։ Ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր զինյալի մասին տեղեկություն տրամադրելու դիմաց Եմենի իշխանությունները պատրաստ են վճարել 23 հազար դոլար։

Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ ԱՄՆ դեսպանատան տարհանման պատճառ են համարում ահաբեկչության մեծ հավանականությանը այն բանից հետո, երբ «Ալ Ղաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրիի ու Եմենում այս ահաբեկչական խմբավորման ղեկավար Նասեր ալ-Վուհայշիի զրույցների գաղտնալսման փաստը հայտնի դարձավ։ Նրանք ծրագրում էին իրականացնել 2001-ի սեպտեմբերի 11-ից նախադեպ չունեցող ահաբեկչական գործողություն։

Հավելենք, որ այսօր կեսօրին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարեց իր դեսպանատան աշխատակազմի տարհանման մասին։ Համաձայն ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ տարհանումն իրականացվելու է «անվտանգության նկատառումներից», սակայն դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ չի գործելու Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Եմենում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *