Ադրբեջանցիները սոցցանցերում ԶՈւ ոչ մարտական զոհերի դեմ ցույցի կոչ են անում

Հուլիսի 30-ին «Դոկտրինա» լրագրողական-ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հրապարակեց Ադրբեջանի բանակում տարվա սկզբից գրանցված մարդկային կորուստների ցուցակը, որտեղ ընդհանուր 58 զոհերից 49-ը ոչ մարտական պայմաններում զոհվածներն են։

Ադրբեջան

Օգոստոսի առաջին օրերին Ադրբեջանում միմյանց հաջորդեցին ոչ մարտական բանակային մահերի շարքը՝ սկսած կասկածելի պայմաններում սրտի սուր անբավարարությունից Շամխորի բանակային կորպուսի մահացած զինվորից, վերջացրած Թովուզի զորամասում ՊՆ վարկածով իրեն ամրակցված ինքնաձիգից մահացու վիրավորված զինծառայողի դեպքով։

Այս ամենը բուռն քննարկումների տեղիք է տվել թե´ մասնագետների շրջանում, թե´ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի մոտ։ Ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին կրկին կոչ է արել պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին հրաժարական տալ, որպեսզի ոչ մարտական զոհերի թիվն այդքան մեծ չլինի, իսկ ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին ընդգծել է կառավարության որդեգրած վտանգավոր լռությունը բանակային կորուստների հարցում։

Հուլիսի 31-ին Ֆեյսբուք սոցցանցում ավելի քան 90 հազար անդամ ունեցող ադրբեջանական խմբերում ստորագրահավաք են նախաձեռնել՝ ի նշան բանակում ոչ մարտական զոհերի բազմամարդ ցույցի մասնակից ակտիվիստների ձերբակալման դեմ բողոքի: Ստորագրահավաքի մասնակիցները քննարկել էին նոր բողոքի ցույցի կազմակերպման հավանականությունը։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Բաքվի կենտրոնական հրապարակում եղավ բողոքի ցույց ընդդեմ զինվորների մահերի, մասնավորապես, շարքայիններ Ջեյհուն Ղուբադովի և Սեյմուր Ալլահվերդիևի։ Քաղաքապետարանը մերժել էր արտոնել ցույցը, իսկ ՆԳՆ-ն էլ հայտարարել էր, որ կասեցնելու են չարտոնված ցույցը։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները հիմնականում NIDA երիտասարդական շարժումից են։ Ցույցին մասնակցում էին զոհված զինվորների հարազատներ, որոնք շրջում էին հրապարակում՝ զոհվածների նկարներով։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության ադրբեջանական մասնաճյուղը հայտնել էր մոտ 3000 մասնակիցների մասին։

Ձերբակալվել էր շուրջ 60 ցուցարար, այդ թվում՝ ԱԺՃ, «Մուսավաթի», Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության անդամներ, լրագրողներ։ Նրանցից մի քանիսը տուգանվել են։ Մարտի 11-ին ձերբակալվածներից միայն մի մասին էին ազատ արձակել։

Ընթացիկ տարվա օգոստոսի սկզբներին մի շարք ակտիվ ադրբեջանական էջեր կոչ էին արել ուշադրություն դարձնել սպանված զինվորների դեպքերին, պատժել մեղավորներին և կազմակերպել ևս մեկ ցույց՝ ոչ մարտական զոհերի մեծ քանակի և կառավարության կողմից այս փաստի անտեսման դեմ։ Ցույցի կոչեր պարունակող գրառումներին օգտատերերը հիմնականում դրական էին արձագանքել։

Այսօր էլ՝ օգոստոսի 5-ին, ադրբեջանցի օգտատերերից շատերի էջերում հայտնվել է Յասամալի շրջանի քաղաքներից մեկի բակում՝ ցանկապատին արված գրությունը, որտեղ ասվում է. «2013-60 սպանված զինվոր»։ Դա մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգում մարդկային կորուստների թիվն է։

Նշենք, որ նախընտրական շրջանում ցույցերի հավանականությունն Արբեջանում մեծանում է, հատկապես որ ՊՆ-ից ու կառավարությունից դժգոհող հասարակական զանգվածներն աճում են։

Այնուհանդերձ, կարծում ենք՝ նոր ցույց կարող է կազմակերպվել այն դեպքում, երբ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների «Ազգային խորհուրդ» դաշինքի ներկայացուցիչներն իրենց համակիրների հետ ստանձնեն դրա ուղղորդման պարտականությունը։ Այլապես ոչ մարտական զոհերի դեմ ցույցի գաղափարը կմնա սոսկ սոցցանցային քննարկումների տեսքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *