Սիրիայի բանակը ազատել է Հոմս քաղաքի շրջաններից մեկը

Սիրիայի զինված ուժերը գրավել է Հոմս քաղաքի ալ Խալդիե շրջանը։ Հոմսը Սիրիայի երրորդ խոշորագույն քաղաքն է։ Շրջանի գրավման մասին տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը։

syria

Ապստամբներն իրենց ներկայացուցիչների միջոցով հաստատել են իրենց դուրս գալը, բայց նշել են նաև, որ որոշակի հատվածներում դիմադրությունը դեռևս շարունակվում է։ Արաբական «Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաընկերությունը ցուցադրել է, թե ինչ տեսք այժմ ունի Ալ-Խալդիե շրջան։ Այն գրեթե ավերված է։

Նշենք, որ վերջին շրջանում սիրիական իշխանական բանակը մի շարք հաջողությունների է հասել Հոմսում և դրա շրջակայքում։ Նախկինում ապստամբների վերահսկողության տակ եղել է քաղաքի կեսը, իսկ այժմ նրանք վերահսկում են ընդամենը մի քանի շրջան։

Հոմսում սիրիական իշխանությունների կողմից վերահսկողության վերականգնումը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այստեղ դիմադրության չեզոքացումը կառավարական զոքերին հնարավորություն է տալիս համեմատաբար ապահով կապ ստեղծել միջերկրածովյան առափնյա հատվածի ու Դամասկոսի միջև։

Մինչ կառավարական զորքերը շարունակում են լայն ճակատով գրոհել երկրի կենտրոնը, ապստամբները որոշակի հաջողությունների են հասնում Հալեպում։ Անցյալ շաբաթ նրանք վերահսկողության տակ են վերցրել Հալեպից դեպի արևմուտք ընկած Հալ-Ասալ քաղաքը։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն 2 տարի։ Այս ընթացքում զոհվել է ավելի քան հարյուր հազար մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *