Որոշ ստորաբաժանումներ փոխարինում ենք պայմանագրայիններով. Մովսես Հակոբյան

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների՝ պատասխանելով նաև Ռազմինֆոյի հարցերին։

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչ խնդիրներ կան նախաբանակային պատրաստման ոլորտում, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Զորակոչային պատրաստությունը իրականացվում է դպրոցներում` համագործակցելով ՊԲ- ստորաբաժանումների հետ: Յուրաքանչյուր դպրոց կցված է մի զորամասի: Ունենք համատեղ պլան` դպրոցականների այցելություններ զորամասեր և հակառակը` զինվորականների այցելություն դպրոց: Այս պահին էլ իրականացվում է մի շարք հետաքրքիր միջոցառումներ, ճամբարներ: Եթե մարդը հայրենասեր է, ուրեմն ռազմահայրենասեր էլ է: Բավական շոշափելի փոփոխություններ կան, դրական արդյունք տալիս է»:

Ռազմինֆոն հետաքրքրվեց նաև, թե արդյոք նախատեսվում է պայմանագրայինների թվի աճ, և եթե այո, ապա որ ստորաբաժանումներում:

«Պայմանագրային զինծառայության հետ կապված տարվում է որոշակի պլանային քաղաքականություն: Մենք ամեն տարի որոշակի ստորաբաժանումներ փոխարինում ենք պայմանագրայիններով: Սա անում ենք հնարավորության սահմաններում: Այն մասնագիտությունները, որոնք երկարատև ուսուցում են պահանջում, փորձում ենք փոխարինել պայմանագրայիններով: Մեր բանակը լուրջ պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրվում»,-մեկնաբանեց ՊԲ հրամանատարը:

Այս տարվանից նաև կանայք են ներգրավվում ծառայությանը։ Հրամանատարից փորձեցինք ճշտել, թե արդյոք Արցախից կլինեն դիմողներ և ինչպես է այս հարցին վերաբերում Մովսես Հակոբյանը։

Հրամանատարը նշեց, որ վատ է վերաբերում այդ փաստին։ «Ես ինքս ինձ վատ կզամ, որ չեմ կարողանում իմ գործը լավ անել։ Նշանակում է՝ մենք թերանում ենք։ Բոլոնյան համակարգը պահանջում է ամեն ոլորտում կանանց ներգրավվածություն։ Արցախ դեռ չի հասել դա»։

Իսկ Արցախից դիմողներ կլինեն, թե ոչ, դեռևս տեղյակ չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *