«Մուսուլման եղբայրներին» 48-ժամյա վերջնագիր է ներկայացվել

Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը հուլիսի 25-ին «Մուսուլման եղբայրներ» ներկայացուցիչներին 48-ժամյա վերջնագիր է ներկայացրել։

Ընդ որում, նախկինում իշխանության գլուխ կանգնած մուսուլմանական արմատական այս կազմակերպությունը մինչև շաբաթ օրվա կեսը հնարավորություն ունի միանալ համախմբման և կարգավորման քաղաքական ծրագրին։

«Մուսուլման եղբայրներ». տարբերանշան

«Մուսուլման եղբայրներ». տարբերանշան

Եգիպտոսի զինվորականներից մեկը շեշտել է, որ իրենք «չեն պատրաստվում առաջին քայլերն անել, սակայն «Մուսուլման եղբայրների» կողմից հնչեցված բռնության և ահաբեկչության ցանկացած կոչի կոշտ կարձագանքեն»։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին երկրի ռազմական հրամանատարությունը իշխանությունից հեռացրել է նախագահ Մոհամմեդ Մուրսիին, որը վայելում էր «Մուսուլման եղբայրների» աջակցությունը։

Իսլամիստները հրաժարվեցին համագործակցել ժամանակավոր կառավարության հետ՝ կատարվածը որակելով «ռազմական հեղաշրջում»։ Այնուհետև շարժման մի քանի առաջնորդներ մեղադրվեցին «անկարգություններ հրահրելու մեջ»։

Հուլիսի 14-ին մի շարք բարձրաստիան զինվորականների բանկային հաշվեհամարները սառեցվեցին։ Հուլիսի 24-ին դատախազությունը հատուկ հրամանագիր էր տրամադրել՝ Մուրսիին և «Մուսուլման եղբայրների» 8 այլ անդամների ձերբակալման համար։

Ավելի վաղ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին կոչ էր արել ժողովրդին հուլիսի 26-ին դուրս գալ փողոց՝ ցույցերի` պահանջելով ավելի լայն լիազորություններ տրամադրել բանակին։

Հավելենք, որ Մուրսիի գահընկեց լինելուց հետո Եգիպտոսում ներքին հակամարտության պատճառով մահացել է ավելի քան 200 մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *