Ադրբեջանում ապօրինի վաճառում են զինվորների համար նախատեսված սննդամթերքը

Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանական սննդամթերքի խանութներում և սուպերմարկետներում հաճախ վաճառքի են դրվում Ադրբեջանի ԶՈւ համար նախատեսված սնունդը՝ մասնավորապես ձուկ, պահածոներ, շիլա, ջեմ, բրինձ, կաթի փոշի։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դրանց վաճառքն արգելված է, քանի որ դրանք պետք է ծառայեն բացառապես Ադրբեջանի բանակի կարիքներին։ Դրանք վաճառելու նպատակով հիմնականում ջնջում են «վաճառքն արգելված է» գրությունը՝ առաջարկելով գնորդներին համեմատաբար ցածր գնով։

Զինվորականների սննդամթերքի ապօրինի վաճառքի հերթական դեպքը գրանցվել է Բաքվի խանութներից մեկում։ Բջջային հեռախոսով լուսանկարել են վաճառասեղանին ներկայացված, Azersun Holdinq ընկերության արտադրանք խնձորի ջեմը, որը, համաձայն ԱՀ-ում գործող օրենքների, տրամադրվում է միայն զինծառայողներին ու բանակի հետ առնչություն ուննեցող անձանց։ Այս ամենը գրված է ջեմի փաթեթի վրա։

Համաձայն նույն աղբյուրի՝ վաճառասեղաններին առավել հաճախ հայտնվում է ռազմական լիցեյի և Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների համար սահմանված սննդամթերքը։ Պատճառն էլ, ըստ երևույթին, այն է, որ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները հանգստյան օրերին սովորաբար տուն են գնում, և այդ օրվա ուտելիքը համապատասխան անձանց կողմից զեկույցում նշվում է՝ որպես «սպառված», մինչդեռ ապօրինի դուրս է բերվում և ցածր գներով դրվում վաճառքի։

Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից արձագանքել են վերոհիշյալ դեպքին՝ ասելով «զինվորականների սննդի ապօրինի վաճառքի հաստատված դեպքերը մանրամասն կհետաքննվեն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *