Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 7-13

Օհանյանն ընդունեց ինքնասպանություն գործած զինվորի ծնողներին։ Մեղադրվում է գնդապետ Բուդաղյանը։ Անցկացվեց «Ատոմ 2013» հայ-ամերիկյան վարժանքը։ Նախարարն ընդունեց պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին։ ՄԻՊ-ի պայմանները՝ զինդատախազության նախաձեռնությանը մասնակցելու համար։ Զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից. տուժածներ չկան։Զինդատախազությունը ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանի տան մոտ եղած միջադեպի գործով առգրավված զենքերի ցուցակը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ է փոխգնդապետ Մարգարյանը։ ԿԳՆ-ի որոշումը՝ զորակոչի ենթակա դիմորդների վերաբերյալ։ Պահեստազորայինների հավաքներ ՀՀ-ում։

1. Սեյրան Օհանյանն ընդունել է 2013 թվականի հուլիսի 5-ին ՊՆ զորամասերից մեկում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Լալազարյանին և Անահիտ Հայրապետյանին: Նախարարը ցավակցել է մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:

168 Ժամ-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է Ռազմական ոստիկանությունում, իսկ մահացած զինվորը բանակ էր զորակոչվել Սիսիանի զինկոմիսարիատից 2012 թվականի աշնանը:

2. Հուլիսի 9-ին գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար: Բուդաղյանի նկատմամբ նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ զինվորական դատախազությունը։

Նշենք, որ գնդապետ Բուդաղյանը ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է։ Հունիսի 1-ի փոխհրաձգությունից հետո վերջինս ծանր վիճակով տեղափոխվել էր Երևանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

3. Հուլիսի 9-11-ը Երևանում անցկացվեց ՀԱէԿ-ի վթարի դեպքում ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողով և շտաբային վարժանք: Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:

Միջոցառման հիմնական նպատակներն են հղկել աղետներին արձագանքող ուժերի հմտությունները, ինչպես նաև կատարելագործել տեղական ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը: «Ատոմ 2013» վարժանքի թեման է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը:
Աշխատաժողովին և վարժանքին մասնակցում են գրեթե բոլոր նախարարություն-գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչներ:

4. Սեյրան Օհանյանը հուլիսի 9-ին ընդունեց է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Օհանյանը Կայլին պարգևատրել է Հայաստանի զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով։

5. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, թե ինչ պայմանների դեպքում կմասնակցի ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությանը՝ զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։ ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունն այստեղ։

6. Հուլիսի 11-ին Գյումրի զինվորական կոմիսարիատից Երևան զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը թեթև վթարի է ենթարկվել։ Ավտոբուսն ընթացքի ժամանակ դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և հավելեց, որ թեթև պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ավտոբուսը չի վնասվել։ «Ավտոբուսը թեթև պատահարից հետո ճանապարհ է վերադարձել և շարունակել ընթացքը՝ զորակոչիկներին անվնաս տեղ հասցնելով»,-նշեց Հովհաննիսյանը։

7. Հայաստանի զինվորական դատախազությունը, նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ գրանցված դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ցուցակն՝ այստեղ։

8. Հայաստանի զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ։ Ըստ ՊՆ մամուլի ծառայության՝ այս պաշտոնը վերջերս է ստեղծվել և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը։

9. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով արական սեռի դիմորդներին, ովքեր ընդունվելուց հետո զորակոչվելու են ՀՀ զինված ուժեր, ներկայացրել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ։

ԿԳՆ հաղորդագրությունում նշված է.

«Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը և սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ:

Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով»:

10. Մի քանի օր է արդեն, ինչ հանրապետությունում պահեստազորայինների հավաքներ են իրականացվում։ Հավաքների անցկացման վերաբերյալ Ռազմինֆոյի հարցերին պատասխանեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեռ նախորդ տարի պլանավորվել էր այս տարվա մարտավարական գործընթացը։ Ոչ մի արտառոց բան չկա։ Պլանների սովորական ճշգրտում է։ Ստուգվում են զորամասերը, պահեստազորայինները մեկ օրով կանչվում են, վերահաշվառվում և վերջ»,-մեկնաբանեց մամուլի խոսնակը։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *