«Բլիցկրիգի» մասին խոսող Ադրբեջանը հոսպիտալի նոր մասնաշենք է բացում, շարժական հոսպիտալներ գնում

Հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսը ստվերում թողեց մեկ այլ ոչ պակաս կարևոր իրադարձություն: Զորահանդեսի նախորդ օրը՝ հունիսի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեց երկրի Զինվորական գլխավոր կլինիկական հոսպիտալի երկրորդ մասնաշենքի բացման արարողությանը:

Բացման արարողությունից հետո Ալիևին ցուցադրին նաև զինված ուժերի ռազմաբժշկության նոր գնումը՝ թուրքական «Turmaks» («Թուրմաքս») ընկերության արտադրության շարժական դաշտային հոսպիտալը:

Առաջին հայացքից առօրեական թվացող այս իրադարձությունն իրականում հետաքրքրաշարժ է մի քանի առումներով:

Այն, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններ են անում և պնդում, որ բանակցային գործընթացի ձախողման դեպքում պատրաստ են «վերադարձնել Ղարաբաղը զենքի ուժով», ո´չ գաղտնիք է, ո´չ էլ նորություն, սակայն այստեղ կա մեկ այլ նրբություն. Ադրբեջանի ռազմական հռետորաբանության հենասյուներից է նորօրյա «բլիցկրիգը»՝ ակնթարթային պատերազմը: Թե՛ արտաքին և թե՛ հատկապես ներքին լսարանի համար շրջանառության մեջ է դրվել այն թեզը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը չի լինելու առաջինի պես տևական, իսկ որպես այդ պնդման հիմնավորում բերում են վերջին տարիներին ադրբեջանական բանակի սպառազինության համալրումը հեռահար խոցելիության հրետանային միջոցներով:

20382

Ադրբեջանական քարոզչության՝ հեռահար ռազմական գործողությունների վրա շեշտ դնելը, փաստորեն, մարդկային խոշոր կորուստներից խուսափելու անուղղակի խոստում է ներքին լսարանի համար։ Այս խոստումը, ինչ խոսք, գայթակղիչ է այն երիտասարդ ադրբեջանցիների համար, ովքեր պատերազմական իրականությունը լավ չեն պատկերացնում և սիրում են տաքարյուն ու ռազմաշունչ կոչերով հանդես գալ:

Սակայն «բլիցկրիգյան» տրամադրություններին զուգահեռ, Ադրբեջանի մայրաքաղաքում բացվում է Զինվորական գլխավոր  կլինիկական հոսպիտալի երկրորդ մասնաշենքը, որն ավելացնում է այդ հոսպիտալի հիվանդների ընդունման հնարավորությունը 560 տեղով՝ հասցնելով այն մինչև 1000 տեղի:

Եւս մի հիշարժան թիվ. թեպետ, վերոնշյալ մասնաճյուղը նախատեսած է 560 հիվանդի համար, այդուհանդերձ, հոսպիտալի նորաբաց մասնաշենքի ճաշարանը  անհրաժեշտության դեպքում կարող է մինչև 1700 հոգի կերակրել: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մասնաշենքի ճաշարանում պատրաստվում են սննդապահովել նաև բուժանձնակազմը, միևնույն է, այն չի կարող կազմել 1200 մարդ և այստեղից կարելի է ենթադրել, որ անհրաժեշտության դեպքում (ինչպիսին կարող է լինել, օրինակ, պատերազմական դրության մեջ երկրի հայտնվելը) զինհոսպիտալը նախատեսվում է շահագործել նաև գերծանրաբեռնված ռեժիմով:

Զինվորական ստացիոնար հոսպիտալների հնարավորությունների դիտարկումն ամփոփելով՝ մնում է միայն հավելել, որ Բաքվի զինհոսպիտալը Ադրբեջանում միակը չէ: Զինվորական խոշոր հոսպիտալներ, ըստ ռազմական գործի տրամաբանության, պետք է լինեն (և փաստացի կան) բանակային յուրաքանչյուր կորպուսի կազմում: Ընթերցողին մնում է միայն մոտավոր պատկերացնել թե ինչ ծավալի վիրավորների թիվ են պատրաստվում ընդունել այս երկրի ռազմական բոլոր բուժհաստատությունները միասին:

turmaks շարժական հոսպիտալ

turmaks շարժական հոսպիտալ

Ադրբեջանական ռազմաբժշկության հաջորդ ձեռքբերումը թուրքական «Turmaks» ընկերության արտադրած շարժական դաշտային հոսպիտալն է: Դաշտային այս հոսպիտալի բացազատման համար անհրաժեշտ է 2500 մ2 տարածք։ Ըստ արտադրողի կայքի՝ դաշտային վիրահատական այս հոսպիտալը 50 տեղանոց է և նախագծած է օրական մինչև 150 վիրավոր սպասարկելու համար։

Ադրբեջանի ռազմաբժշկական հնարավորությունների նմանօրինակ մեծացումը, հուսով ենք, չի վրիպում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ուշադրությունից։ Եվ հայկական կողմը, բնականաբար, պիտի ունենա կազմ-պատրաստ վիճակում թիկունքային ապահովման ու քաղաքացիական պաշտպանության համապատասխան ենթակառույցները, ինչի անհրաժեշտության մասին Ռազմինֆոն մեկ անգամ չէ, որ գրել է։

Մյուս կողմից, անհրաժեշտ է Ադրբեջանի հասարակությանը (հատկապես պատերազմել շտապող զանգվածին) հասցնել այն պարզ ուղերձը, որ զինվորական հոսպիտալներում տեղերի քանակի այս աստիճան ավելացումը նշանակում է, որ պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում ադրբեջանական ղեկավարությունը կենդանի ուժի մեծ կորուստներ է ակնկալում։ Եվ այդ իրողությունից չեն օգնի խուսափել ո´չ համազարկային կրակի ռեակտիվ կայանները, ո´չ էլ Ադրբեջանի ԶՈւ հեռահար մարտի վարման մյուս միջոցները:

Արմեն Հարությունյան

One response to “«Բլիցկրիգի» մասին խոսող Ադրբեջանը հոսպիտալի նոր մասնաշենք է բացում, շարժական հոսպիտալներ գնում

  1. Pingback: Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողները բուժում են անցնում Թուրքիայում, նրանց տեսակցել է արտգործնախարարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *