«Արմատա» ծանր թրթուռավոր տեխնիկայի հիմքի վրա ստեղծված համանուն հիմնական մարտական տանկն առաջին անգամ կարող է ներկայացվել 2013 թվականի սեպտեմբերի 25-28-ին Նիժնի Տագիլում անցկացվելիք ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։
Ըստ նրա՝ նոր տանկի ցուցադրումը կանցկացվի փակ ռեժիմով, որին կմասնակցի միայն երկրի ղեկավարությունը։
Նշենք, որ «Արմատա» անունը կրող տանկի ստեղծման աշխատանքներն իրականացնում է «Ուրալվագոնզավոդ» գործարանը։ Գործող օրացույցի համաձայն՝ տանկի առաջին օրինակը կստեղծվի մինչ 2013 թվականի ավարտը։ 2014 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը մտադիր է ձեռք բերել 16 միավոր «Արմատա»՝ զորամասերում և ռազմաբազաներում փորձաշրջան անցկացնելու նպատակով։
«Արմատայի» նախագիծը գաղտնի է պահվում և տանկի տեխնիկական տվյալների մանրամասները դեռ հայտնի չեն։
Տանկը նախագծվել է մոդուլային սկզբունքի համաձայն, որը նպատակ ունի հեշտացնել նրա արդիականացումը և վերանորոգումը մարտական պայմաններում։