Սիրիայի ապստամբներն հրադադար են առաջարկել Ռամադանի ընթացքում

Սիրիայի ապստամբներն առաջարկել են նախագահ Բաշար Ասադին դադարեցնել մարտական գործողությունները Հոմս քաղաքում՝ մուսուլմանների մոտ սուրբ ամիս համարվող Ռամադանի ընթացքում։

Այս մասին «Ռոյթերս» լրատվական գործակալությանը հայտնել է Սիրիայի «Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիա» կոչվող խմբավորման ղեկավար Ահմադ Ջարբան։

Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել ժամանակավոր հրադադարի վերաբերյալ։

Նշենք, որ Ռամադան ամիսը, որը սուրբ ամիս է մուսուլմանների համար, 2013-ին տևելու է հուլիսի 9-17-ը։

Ասադի կողմնակիցների ուժերը հուլիսի սկզբից Հոմսում ռազմական գործողություններ են իրականացնում՝ Սիրիայի զինված ապստամբներին քաղաքից դուրս հանելու նպատակով։

Սիրիա՝ Հոմս

Սիրիա՝ Հոմս

Հավելենք նաև, որ Ջարբան օրերս հայտարարել էր՝ ապստամբներն ակնկալում են շուտով ժամանակակից զենք-զինամքերք ստանալ Սաուդյան Արաբիայից։ Նրա խոսքերով՝ քանի դեռ Ասադի հակառակորդների զինված խմբավորումներն ըստ արժանվույն զինված չեն, չեն մասնակցելու ՌԴ-ի ու ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող, Ժնևի խաղաղ բանակցություններին։

Ահմադ Ջարբան, սերտ կապեր ունենալով Սաուդյան Արաբիայի հետ, բոլորովին վերջերս՝ հուլիսի 6-ին, ընտրվել է Սիրիայի «Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիա» խմբավորման ղեկավարի պաշտոնում՝ պաշտոնավարման ընթացքում իր առաջին հարցազրույցը տալով հենց «Ռոյթերս» գործակալությանը։

Հիշեցնենք, որ Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջև հակամարտությունը, որն ի վերջո հանգեցրել է քաղաքացիական պատերազմի, ծագել է 2011-ի մարտին։ 2013-ի ամռան ընթացքում կառավարական ուժերը նշանակալից հաջողությունների են հասել՝ ապստամբ զինյալներից հետ գրավելով Լիբանանի հետ սահմանին տեղակայված, ռազմավարական տեսանկյունից խիստ կարևոր Քուսեյր քաղաքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *