Հայրենի մեդիադաշտի ութ տարով ուշացած տագնապը

Ադրբեջանի՝ Ռուսաստանից սպառազինության վերջին գնումներից հայկական լրատվամիջոցներում և համացանցում հատկապես մեծ աղմուկ բարձրացրին համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ կայանները։ Շատերը, համացանցում հայտնաբերելով այդ համակարգի մասին ռուսական գովազդային հաղորդաշարերը, այսպես ասած, հալած յուղի տեղ են ընդունել այնտեղ հնչող պնդումները։Հետաքրքիր է նաև այն, որ տագնապն առաջանում է հիմա. այն դեպքում, երբ դեռ 2004-2005 թթ. Ադրբեջանն Ուկրաինայից գնել էր 12 միավոր «Սմերչ», այսինքն` արդեն 8-9 տարի է, ինչ ադրբեջանական բանակը զինված է այդ համակարգերով։

Ստորև հակիրճ կառանձնացնենք «Սմերչի» մասին ամենատարածված գովազդային առասպելները, որոնք ծնվել են Իգոր Պրոկոպենկոյի «Военная тайна» («Ռազմական գաղտնիք») հաղորդաշարի այս թողարկումից։

Սակայն ընդգծենք նաև, որ այս հոդվածով ամենևին նպատակ չունենք փնովել կամ թերագնահատել հակառակորդի ձեռք բերած սպառազինությունը և ոչ էլ մեր ընթերցողների «գլխի տակ փափուկ բարձ դնելու» ցանկություն ունենք։ «Սմերչը» բավականին լուրջ զինատեսակ է, և մեր բանակը պիտի պատրաստ լինի պատերազմի դեպքում ժամանակին դրանք հայտնաբերել և ճնշել (ինչը, ի դեպ, ֆանտաստիկայի ժանրից չէ)։

Մեր նպատակն է այդ համակարգի մասին մեր ընթերցողներին օբյեկտիվ պատկերացում տալը։

Եվ այսպես, առասպելներից հիմնականն այն է, թե իբր «Սմերչ»-ն աշխարհի ամենալավ զենքն է։ Կամ մեկ այլ տարբերակի համաձայն` «Սմերչն» աշխարհի ամենալավ համազարկային կրակի կայանն է։

Այս թեզի առաջին տարբերակն ակնհայտ անհեթեթություն է, այնպես որ քննարկենք երկրորդ տարբերակը։ Իրականում նույնիսկ այդ տարբերակը կոռեկտ չի հնչում, քանի որ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «ամենալավ». ամենամեծ տրամաչափով, փողերի ամենաշատ քանակովը, ամենահեռահար, ամենաճշտգրիտ, մարտադաշտում ամենակենսունակ ևն։

Եթե այնուամենայնիվ փորձենք իրար հետ համեմատել համազարկային կրակի տարբեր կայաններ, ապա նախ պիտի փաստենք, որ այսօր այդ տիպի ամենաառաջատար համակարգերն առաջարկում է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը։

Այսպես օրինակ, չինական «PHL03» համակարգը, որը թվում է թե «Սմերչի» ճշտգրիտ պատճենն է և արտաքինից դժվար է դրանք տարբերել, ավելի քան երկու անգամ գերազանցում է օրիգինալ «Սմերչին» իր հեռահարությամբ և միաժամանակ չի զիջում մնացած պարամետրերով։

ԲՄ-30 «Սմերչ» ՀԿՌԿ

ԲՄ-30 «Սմերչ» ՀԿՌԿ

PHL03 ՀԿՌԿ

PHL03 ՀԿՌԿ

«Սմերչին» գերազանցում է նաև դարձյալ 300մմ տրամաչափի մեկ այլ չինական համակարգ` «AR1A», որը, սակայն, 12-ի փոխարեն ունի 10 փող։

AR1A ՀԿՌԿ

AR1A ՀԿՌԿ

Բացի նշվածներից, Չինաստանն առաջարկում է նաև ավելի հեռահար և մեծ տրամաչափի համակարգեր, ինչպիսին է օրինակ «WS-2»-ը։ Այն ի վիճակի է 400մմ տրամաչափի հրթիռներով հարվածներ հասցնել մինչև 200կմ (այլ տվյալներով` 350կմ) հեռավորության վրա գտնվող թիրախներին, ընդ որում` հրթիռի շեղումը թիրախից կազմում է հեռավորության 0.17%-ը։ Համեմատության համար նշենք, որ «Սմերչի» շեղումը կազմում է 0.21%։

WS-2 ՀԿՌԿ։

WS-2 ՀԿՌԿ։

Այսպիսով, ռուսական ինքնագովազդի այն պնդումները, թե «Սմերչը» «աշխարհում անալոգ չունեցող», «դեռևս չգերազանցված» համակարգ է, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Իրականում «Սմերչն» իր դասի մեջ այսօր միջին դիրք է գրավում և իր հնարավորությունների հանրագումարով այն համեմատելի է մեր բանակի ունեցած «WM-80» չինական համակարգերին։

«WM-80»-ն ունի ավելի փոքր տրամաչափ (273մմ) և, ըստ ամենայնի, զիջում է «Սմերչին» ճշգրտությամբ (ըստ չճշտված տվյալների՝ հրթիռի շեղումը կազմում է մինչև հեռավորության 0.3%)։ Փոխարենը «WM-80»-ի հեռահարությունը 10կմ-ով ավել է և որ ամենակարևորն է, այն լիցքավորվում է կոնտեյներային եղանակով, այլ ոչ թե առանձին հրթիռներով, ինչի շնորհիվ վերալիցքավորման ժամանակը կազմում է 5-8 րոպե։

Մինչդեռ «Սմերչի» լիցքավորումը տևում է 35-45 րոպե, իսկ հաշվի առնելով այն, որ «Սմերչը» չի կարող լիցքավորված վիճակում տեղաշարժվել, լիցքավորումը կատարվում է հենց կրակային դիրքից։ Իր հերթին, կրակային դիրքում 35-45 րոպե մնալը մեծացնում է հակառակորդի կողմից համակարգերի հայտնաբերման հավանականությունը և հետևաբար այն ավելի խոցելի է դարձնում։

WM-80 ՀԿՌԿ

WM-80 ՀԿՌԿ

Ի դեպ, Իգոր Պրոկոպենկոյի՝ «Սմերչի» մասին ռեպորտաժում արհամարհանքով նշվում է, թե ամերիկյան «M270 MLRS» համակարգերի արձակման կայանները մեկանգամյա օգտագործման են։

Խոսքն իրականում հրթիռների կոնտեյներների, այլ ոչ թե արձակման կայանների մասին է։ Բացի այս «աննշան անճշտությունից», ռուս մեկնաբանները նաև «մոռացել են» նշել այնպիսի մի «մանրուք», որ կոնտեյներների շնորհիվ ամերիկյան համակարգը կհասցնի «Սմերչի» ամեն համազարկին պատասխանել 3-4 համազարկով։

M270 MLRS ՀԿՌԿ

M270 MLRS ՀԿՌԿ

Տարածվող հաջորդ թեզի համաձայն՝ «Սմերչը» զանգվածային ոչնչացման զենք է։ Սա նույնպես ռուսական ինքնագովազդ է, մինչդեռ ոչ գործունեության սկզբունքով, ոչ խոցող հատկություններով և ոչ էլ պատճառվող պոտենցիալ ավերածությունների և մարդկային զոհերի քանակով «Սմերչն» ուղղակի անհամեմատելի է և միջուկային, և քիմիական, և կենսաբանական զենքի հետ։

Երրորդ պնդումն այն է, թե «Սմերչն» ի վիճակի է ոչնչացնել բոլոր կենդանի օրգանիզմները 67 հա տարածության վրա։ Իրականում խոսքը խոցման տիրույթի մասին է, այսինքն` 67 հա-ն այն տարածքն է, որի վրա կցրվեն հրթիռների բեկորները։ Պնդումը, թե այդ տարածքում ամեն ինչ և ամեն ոք կոչնչանա, նույնն է, ինչ պնդել, թե «Ֆ-1» նռնակը 200մ շառավղով ամեն ինչ կոչնչացնի, իսկ հայկական ամբողջ բանակին հաղթելու համար բավարար է ընդամենը 2000 ավտոմատ՝ լրիվ լիցքավորված փամփշտակալներով։

Առհասարակ, նշված հաղորդաշարում այլ չափազանցություններ էլ կան։ Այսպես օրինակ` գործնականում «Սմերչի» հեռահարությունը 70կմ է, քանի որ 90կմ հեռահարությամբ հրթիռներ արտադրվել են շատ քիչ քանակով։ Համակարգի հրթիռները կառավարվող են միայն հեռավոր ապագայի պլաններում։ Այդ նույն հեռավոր ապագայի պլաններին է վերաբերում նաև անօդաչու թռչող սարք արձակելու մասին պնդումը և այդպես շարունակ։

Այս ամենից բացի նաև մտահոգություններ էին հնչում, որ «Սմերչի» թիրախները լինելու են բնակավայրերը։ Չի կարելի ասել, թե այս մտահոգությունները անտեղի են, քանի որ կա Արցախյան առաջին պատերազմի տխուր փորձը։ Եվ անշուշտ, դա զգալի կորուստներ կպատճառի քաղաքացիական բնակչության շրջանում։ Բայց մյուս կողմից նաև փաստ է, որ նման ռազմական նշանակություն չունեցող թիրախներին հարվածելը ռազմական տեսակետից անարդյունավետ է, քանի որ բանակի հնարավորությունները դրանից քիչ են տուժում։

Ամեն դեպքում, պիտի պատրաստ լինել նաև այդ սցենարի և մասնավորապես անհրաժեշտ է բնակչության հետ պարբերաբար քաղպաշտպանության զորավարժություններ իրականացնել։

3 responses to “Հայրենի մեդիադաշտի ութ տարով ուշացած տագնապը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *