Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է գեներալին զորահանդեսին չհրավիրելու լուրը

Օրերս ադրբեջանական կայքերը լուրեր էին տարածել, որ հունիսի 26-ին ԱՀ ԶՈւ 95-ամյակի զորահանդեսին չէին հրավիրել գեներալ Ռովշան Աքպերովին։
Ինչպես հաղորդում են ՊՆ-ից փակ աղբյուրները, Աքպերովը, պարզելով, որ իրեն հրավեր չեն ուղարկել, հունիսի 25-ի ուշ երեկոյան օգտագործել է նախագահականում իր ունեցած կապերը, արել ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիևը կարգադրի հրավեր ուղարկել իրեն՝ արդյունքում ներկա լինելով ռազմական շքերթին։

Այսօր՝ հունիսի 28-ին, Ադրբեջանի ՊՆ-ն, հասկանալով, որ լուրերը շրջանառվում են, պաշտոնապես հերքել է Աքպերովին Բաքվի զորահանդեսին չհրավիրելու տեղեկությունը։

Ռովշան Աքպերով

Ռովշան Աքպերով

Այնուհանդերձ, Ադրբեջանի ազգային հերոս Աքպերովին չհրավիրելն իրականությունից հեռու չէ, քանի որ տարիներ շարունակ Ադրբեջանի ամենաերիտասարդ գեներալին համարում են ներկայիս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի մրցակիցը։

Ըստ որոշ տեսակետների՝ հենց այդ պատճառով էլ Աբիևը Բաքվի կայազորի պետի պաշտոնից հեռացրել է վերջինիս։ Աքպերովը, մտերիմ լինելով Իլհամ Ալիևի հետ, և ժամանակին աջակցելով Հեյդար Ալիևին ընդդիմադիրներին չեզոքացնելու հարցում, նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Ի դեպ, Աքպերովի՝ հրամանատար նշանակվելուց հետո այս բանակային կորպուսում աճել է կաշառակերության, ոչ մարտական զոհերի ու ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցված միջադեպերի թիվը։

Հավելենք, որ Ռովշան Աքպերովը մեկն էր այն զինվորականներից, ում 1992-ին մեղադրում էին սխալ մարտավարության և անգործության հետևանքով «Շուշին հայերին հանձնելու համար»։ Նա նաև դավաճանել է սեփական մարտական ընկերներին. 1994-1995 թթ. հենց Աքպերովի հրամանով՝ զինվորները գնդակահարել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններին նրանց քաղաքական հայացքների համար։ Բացի այդ, Ադրբեջանի ազգային հերոսը, պարզվում է, ալկոհոլի և թմրանյութի սիրահար է։ 2001-ին էլ նա Կիևում ոչ սթափ վիճակում դանակահարել ու սպանել է գործարար Էլչին Ալիևին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *