PKK-ի դեմ պայքարի ընթացքում թուրքական բանակի կորուստը կազմել է 6205 մարդ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ներկայացրել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարում երկրի զինված ուժերի կորուստների վերաբերյալ տվյալները։

Թուրք նախարարը տվյալները ներկայացրել է քեմալիստական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից պատգամավոր Օքթայ Էքշիի հարցմանն ի պատասխան, տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

PKK-ի անդամներ

PKK-ի անդամներ

1984 թվականից 2012 թվականի օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում քրդական կազմակերպության դեմ պայքարի ընթացքում սպանվել է 6205 զինծառայող, տեղեկացրել է Յըլմազը։

Նշենք, որ այս տարվա մայիսի 8-ին PKK-ն հրադադար էր հաստատել, ինչպես նաև սկսել է իր անդամների դուրսբերումը Թուրքիայի տարածքից։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է  1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *