Մի քանի հարցեր բանակային հանցագործությունների մասին

Իմ մասնագիտության և պարտականություններից ելնելով` ես արդեն մոտ 20 տարի է զբաղվում եմ բանակի հետ կապված ամեն մի կարևոր թեմայով: Բանակի միջադեպերի, դրանց տեսակավորման, պատճառների և այլ հարցերով սկսեցի զբաղվել հատկապես 2009-ից, երբ մեզանում դրանք դարձան գերքննարկվող: Այս թեման մեզանում ընդհանրապես գերբևեռացված է ու ներկայացվում է հիմնականում զգացմունքների ու մանիպուլյացիաների դաշտում: Չկա որևէ հստակ պատկերացում և սթափ վերլուծություն: Ամեն ինչ ասվում է` խառնելով քաղաքականությունն ու անձնական հարցերը, վիրավորանքներ ու ավելորդ մեղադրանքներ:

images (1)

Առաջին հարցը, որը ուսումնասիրել եմ,  ինքնասպանությունների թեման է: Հետաքրքիր է նախ ինքնասպանությունների ցուցանիշները դիտարկել աշխարհի առաջատար բանակներում:

Ռուսական բանակում 2011թ. տեղի է ունեցել 231 ինքնասպանություն, իսկ 2012թ. միայն ինը ամիսների ընթացքում ավելի քան 120 ինքնասպանություն: Ռուսական բանակի թվաքանակը ներկայումս կազմում է մոտ մեկ միլիոն: 2011թ. կտրվածքով ստացվում է, որ 5000 զինծառայողից մեկը ինքնասպանություն է գործել: 2012թ-ին այդ ցուցանիշը կազմել է մոտ 7000:

Թուրքական բանակում անցած 10 տարիների ընթացքում ինքնասպան է եղել 935 զինծառայող: Միայն 2012թ. 11 ամիսների ընթացքում թուրքական բանակում ինքնասպան է եղել 66 զինծառայող։ Թուրքական բանակի թվակազմը վերջին 10 տարիների ընթացքում եղել է 700 000 և ներկայումս նվազել է մինչև 550-600 հազարի: Այս դեպքում ստացվում է, որ թուրքական բանակում յուրաքանչյուր 8000-9000-ից մեկը ինքնասպանություն է գործում: Զուտ 2012թ. այդ ցուցանիշը թուրքական բանակում կազմել է 8500:

Նշենք, որ սրանք պաշտոնական թվեր են, որոնք ներկայացվել են մամուլին: Շատերի համար առաջնային հետաքրքրության թեմա է ինքնասպանությունների հարցն ամերիկյան բանակում:

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից հրապարակված տվյալներով՝ 2011 թվականին ԱՄՆ բանակում իրենց ծառայության ընթացքում ինքնասպանություն է գործել 165 զինծառայող։ Սա միայն բանակում, որը առանձին է օդուժից, ծովուժից և ազգային գվարդիայից: 2012թ. ընթացքում ԱՄՆ բանակային զորքերում, Ազգային գվարդիայում ծառայող կամ պահեստում գտնվող 303 մարդ ինքնասպան է եղել: Սա է լիարժեք թիվը, որը հարկավոր է հաշվել 3 մլն-անոց բանակի ցուցանիշով: Ստացվում է, որ ամերիկյան բանակում ինքնասպանության է դիմում ամեն 10 000-րդ զինվորականը: Բոլորովին վերջերս սակայն ի հայտ եկան այլ տվյալներ, որոնց համաձայն ամերիկյան բանակում ինքնասպանվում են արդեն յուրաքանչյուր 5555-րդ զինվորականը, ինչը չափազանց վատ ցուցանիշ է: Ամերիկայն փորձագետները նշում են, որ խնդիրները միայն բանակում չեն, խնդիրները վերնագրեր շատ ունեն` հոգեկան, սեքսուալ, նյութական, կախվածություններ, գերհոգնածություն և այլն: Ընդհանրապես ամերիկյան բանակում այդ ցուցանիշները բոլորովին տարբեր են տարբեր զորատեսակներում, որոնք, ըստ էության տարբեր, բանակներ են:

Իհարկե, կան ավելի լավ ցուցանիշներ, մասնավորապես ինքնասպանությունները ամենքիչն են որոշ զարգացած, սակայն ոչ մեծ ու ակտիվ գործողությունների մասնակցող բանակներում:

Ինքնասպանությունները հայկական բանակում

2012թ. դեկտեմբերի 28-ին հայկական մամուլում հրապարակվեցին տվյալներ իսրայելական բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների մասին: Այդ տեղեկությունները չափազանց ուշագրավ էին, սակայն դրանց զարմանալիորեն քիչ ուշադրություն դարձրին, ինչը որոշակիորեն հասկանալի էր: ՑԱՀԱԼ-ի ինքնասպանությունների մասին տեղեկություններում հստակորեն նշվում է, որ իսրայելական բանակը սովորաբար նման տեղեկություններ չի հրապարակում: Դրանք հանրությանը հասանելի են դարձել միայն վերջին մի քանի տարիներին: Վերջին 10 տարիների ընթացքում իսրայելական բանակում ինքնասպան է եղել 237 զինծառայող: 2012-ին ինքնասպան է եղել 14 զինվոր այն դեպքում, երբ 2005-ին նրանց թիվը հասել է 35-ի: Այս տեղեկություններում կա ևս մեկ հետաքրքիր փաստ, ըստ իսրայելական բանակի պատասխանատուների` երբեք չի հաջողվի բանակում ինքնասպանությունների թիվը հասցնել զրոյի: Ինչպես տեսնում ենք, բացի այն փաստից, որ իսրայելական բանակում ինքնասպանվում է յուրաքանչյուր 11.000-րդ զինծառայողը, այստեղ կային նաև շատ հետաքրքիր փաստեր, որոնք մեզանում շատ են քննարկվում: Իսրայելական մասնագետները կարծում են, որ այդ թվերի հրապարակումը միայն բացասական կանդրադառնա դրանց կրկնման վրա: Որ նման երևույթները իսպառ վերացնել հնարավոր չէ, քանի որ դրանց հիմքը քաղաքացիական կյանքում է և այլն: Իսրայելի մասնագետները նշել են նաև, որ այդ ինքնասպանվողների մեջ մեծ տոկոս են կազմում նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածները: Սա ևս շատ կարևոր հանգամանք է, որը հարկավոր է ուսումնասիրել:

Ինչպես նշեցինք 2012թ. ՑԱՀԱԼ-ում ինքնասպան է եղել 14 զինծառայող: Հայոց բանակում նույն ինքնասպանության ցուցանիշը կազմել է 5 հոգի: Իսրայելական բանակը մեր բանակից մեծ է 2.1 անգամ, ինչը նշանակում է, որ հայկական բանակում ինքնասպանվում է յուրաքանչյուր 12000-րդ զինծառայողը: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին, միայն մեկ հիշեցում ավելացնելով, Հայաստանում կյանքի կենսամակարդակը, սոցիալական վիճակը, ծառայության որոշակի հարցեր և այլ հանգամանքները, որոնք սովորաբար հանգեցնում են ինքնասպանությունների, բնականաբար, զիջում են Իսրայելին:

Համաշխարհային բոլոր մասնագետները միաբերան նշում են, որ ինքնասպանության համար ամենանպաստավոր միջավայրը դա գերհոգնածության և լարման պահպանումն է: Այս առումով նշենք, որ հայ զինվորը միակ զինվորն է աշխարհում, որ արդեն շուրջ 20 տարի ամսվա կեսը անցկացնում է մարտական դիրքերում և կանգնած լինելով 2-3 անգամ քանակական գերազանցություն ունեցող հակառակորդի դեմ, նրան պարտադրում է լռել: Նորից եմ կրկնում` միակը աշխարհում, ավելի քան 200 պետությունների մեջ, մինչև 2-3 մլն զինծառայողներ ունեցող բանակների մեջ միակն է, սա փաստ է, որ մեծ ուսումնասիրություն է պահանջում:

Զինված ուժերի մահացությունների դեպքերի լուսաբանումը զարգացած երկրներում

Ամեն դեպքում, մենք բոլորովին ցանկություն չունենք ընթերցողին համոզելու, որ մեզանում ամեն ինչ փայլուն է և աշխատանքի տեղ չկա: Դրան հակառակ փորձենք իրականում հասկանալ այդ խնդրի էությունը և դրա դեմ պայքարի իրական ուղիները և ոչ թե ուղղակի շահարկենք այդ փաստերը:

Հիմա ներկայացնենք մեկ այլ հարց` միջադեպերի քննության հարցը: Մենք այս առումով ուսումնասիրեցինք երեք երկրների 10 տարվա հայտնի դեպքերը: Այդ երկրներն են` ԱՄՆ, Իսրայել, Թուրքիա, ինչպես նաև որոշակի օրինակներ ռուսական և ադրբեջանական բանակներից: Պարզվում է` առաջին երկու երկրներում բանակում ամենատարբեր պատճառներով մահացած զինվորների հարազատները հիմնականում հավատում են պաշտոնական վարկածներին: Ավելի քան 60 տոկոսը նշում է, որ հավատում է կամ եթե անգամ չի հավատում, ապա ցանկություն չունի դա քննարկելու: Մնացած դեպքերում հարազատները ոչ միայն չեն հավատում, այլ ուղղակի դիմում են տարբեր մարմիններին և առանձին ուսումնասիրողներին: Այստեղ մեզ համար բացվեցին հետաքրքիր նորություններ: Ինչպես հայտնի է իսրայելական բանակում ամեն մի կորուստը մեծ իրադարձություն է, սակայն կան նաև բոլորովին այլ գնահատականներ, ոմանք պնդում են, որ տարեկան այդ կորուստները կազմում են 500-750 զինվոր: Դրանցից ավելի քան կեսը համարվում է ոչ կանոնադրական հարաբերությունների զոհ: Այստեղ մի մեջբերում կատարենք, որ իսրայելական բանակը ինչքան էլ որ մարտական տարբեր գործողություններ է կատարում մշտական խրամատային իրավիճակ չունի, ինչպես հայկական բանակը:

Իսրայելական բանակի մամուլի ծառայության պետի տեղակալ Աշեր Տերնոպոլսկիի խոսքերով. «Բանակում չկան օրենքով արգելված որևէ թեմաներ, որոնք ենթակա չեն լուսաբանման, սակայն որևէ դեպքի ժամանակ ոչ մի լրագրող ոչինչ չի գրում մինչև դա չհամաձայնեցնի մեզ և ամենակարևորը ծնողների հետ: Ամեն ինչ որոշվում է փոխհամաձայնությունների մակարդակում, այն ինչ կարող է վնասել Իսրայելին շնորհիվ բացառիկ գիտակցության ուղղակի կարող է մոռացության տրվել»:

Իսրայելական բանակում զինվոր կորցրած հարազատները բավականին անօգնական են և քիչ բան կարող են անել: Այսպես կոչված իրավապաշտպանները Իսրայելում ինչպես պարզվում է միայն կարող են լինել հատուկ մարդիկ, իսկ երկրում ամեն մի թեմա, որը բանակին դեմ է, կարող է լրջորեն վնասել այդ ընտանիքի ապագային: Ինչպես պարզվում է, եթե որևէ ընտանիք շատ ակտիվ փորձի պայքարել բանակի դեմ և որևէ վարկաբեկիչ բան թույլ տա, ապա կարող են անգամ արտաքսել երկրից: Դեպքերը միայն 1992թ.-ից հետո կազմում են ավելի քան 27-ը: Շատ դեպքերում ամեն ինչ լիովին փակ է, ոչ մեկ թույլ չի տալիս դրանց մասին բարձրաձայնել: Ինչպես պարզվում է, լրագրողների համար առաջին արգելքը հենց ծնողներն ու հարազատներն են: Իսկ օրինակ զինծառայող Շլոմո Շիտրիտի մահվան դեպքը դարձել է քննարկման թեմա ամբողջ Իսրայելում միայն այն պատճառով, որ նրա հարազատը եղել է Կնեսետի պատգամավոր: Դեպքերի զգալի մասը կրկին քննություն են անցնում, սակայն միևնույնն է հարազատները չեն հավատում ոչ մի բանի: Օրինակ այդ առումով շատ ավելի ազատ համարվող ԱՄՆ-ում հարզատները չեն հավատում նույնիսկ անկախ դետեկտիվների քննությանը, որոնց համար իրենք են ստիպված լինում վճարել: ԱՄՆ-ում դեպքերի մասին լուսաբանումը ևս բավականին խիստ է, սակայն համեմատաբար ավելի ազատ քան Իսրայելում, բայց դա չի խանգարում որ հարազատները երբեմն չհավատան ոչ մեկին: Օրինակ` սուզնավերից մեկում 2002թ. տեղի ունեցած մահացու դեպքերից մեկի ժամանակ նավաստի Ու.Ռայանի հարազատները 14 տարբեր հետաքննություն են իրականացրել, որոնցից 3-ը մասնավոր քննիչների են վճարել, սակայն ճշմարտությունը այդպես էլ չեն տեսնում ու ոչնչի չեն հավատում:

Անկախ փորձագետների և իրավապաշտպանների մասնակցությունը

Ռուսական բանակում ամեն ամիս միջինը մահանում է մոտ 40-50 զինվոր, եթե տոկոսային հաշվենք և գումարենք մարտական իրավիճակի իսպառ բացակայությունը, ապա այդ կորուստները հայկական բանակի կորուստներից 1.5 անգամ ավելի են: Մահացած զինծառայողներից ծնողներից շուրջ կեսը չեն վստահում պաշտոնական հաղորդագրություններին, սակայն ոչինչ անել չեն կարող: 2010թ. մկրատով բուժկետում դաժանորեն սպանված Իլշատ Ուսմանովի ինքնասպանության վարկածը, ուղղակի մտցվեց գաղտնիության տակ և հարազատները ոչինչ չկարողացան անել: Նման դեպքերը չափազանց շատ են: Անգամ անկախ փորձագետներին և իրավապաշտպաններին Իսրայելում և Ռուսաստանում արգելում են դիահերձմանը ներկա գտնվել բերել: Ավելի ծանր վիճակ է Թուրքիայում, որտեղ հարազատներին հետապնդում են և ահաբեկում: Ադրբեջանի մասին տվյալ դեպքում անիմաստ է խոսել` հաշվի առնելով բազում հանգամանքներ:

Եզրակացություններ

Այս ամենից հետո մենք կարող ենք մեզ թույլ տալ գրել, որ հայկական բանակում տեղի ունեցած դժբախտ պատահարների ընթացքում մահացած զինվորների դիահերձման ժամանակ վերջին մի քանի տարում արդեն պարտադիր մասնակցում են անկախ փորձագետներ: Ամեն դեպքում այնտեղից դուրս գալով այդ անկախները հայտարարում են այն, ինչ ասում են նաև պաշտոնական մարմինները: Սակայն չգիտես ինչու կարճ ժամանակ անց պարզվում է, որ նրանք և հարազատները չեն վստահում համապատասխան մարմիններին, իսկ հարազատների և բարեկամների էմոցիոնալ պնդումները, որ տվյալ զինծառայողը չէր կարող նման քայլի գնալ, որ նա շատ լավ մարդ էր և այլն հեշտությամբ շահարկվում են, այն էլ բազմակի անգամ ու տարբեր ձևախեղումներով: Ինչպես մենք պարզեցինք այս հարցում աշխարհում շատ նմանություններ կան անկախ երկրներից, սակայն կա մեկ հստակ և անհերքելի փաստ. Հայոց բանակը այս հարցում ամենաթափանցիկն է, ինչքան էլ ոմանց դուր չգա այս պնդումը: Ուղղակի մեր երկրում ամեն ինչ վատ ներկայացնելու «զինվորները» մեղմ ասած շատ են:

Հ.Գ. Ստորև ներկայացնում ենք որոշ լրացուցիչ տեղեկություններ նշված երկրների բանակների մասին.

Արկադի Գրիգորյան,
ռազմական փորձագետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *