ՀՀ նախագահը ստորագրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման մասին օրենքը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը

Հայաստանը և Ռուսաստանն այս համաձայնագիրը ստորագրել են 2016թ նոյեմբերի 30-ին: ՀՀ կառավարությունը Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման նախագիծը հավանության էր արժանացրել հուլիսի 20-ին: Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը:

ՌԴ կառավարությունը համաձայնագրի մասին հավանություն էր տվել 2017 թվականի հունիսի 17-ին, ապա հուլիսի 14-ին Ռուսաստանի Պետական Դուման  վավերացրել  է նույն համաձայնագիրը, ինչից հետո՝ հուլիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը:

Զորախմբի նպատակը ժամանակին երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը հայտնաբերելը և այն հետ մղելն է՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով: Դրա մեջ են մտնում ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:

Համաձայնագրի գործողության ժամկետը 5 տարի է: Ժամկետի ավարտից հետո այն ինքնաբերաբար կերկարացվի ևս 5-ական տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին նախօրոք չտեղեկացնի մյուս կողմին: Այս համաձայնագիրը Արցախին չի վերաբերում:

2016 թ. հուլիսից  միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *