Զինծառայող Չապլին Մարգարյանի մահվան գործով ձերբակալվել է նույն զորամասի մայոր

ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը 2017թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել և մահացել էր զինվորական հոսպիտալում: Քննության արդյունքում պարզվել է, որ զինծառայողի մահվան պատճառ է եղել նաև անվտանգության կանոնների խախտումը. ձերբակալվել է հենակետի պատասխանատու մայորը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտնում է ՀՀ դատախազության կայքը:

Դատախազության հաղորդագրությունում նշվում է, որ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չապլին Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը:

Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ զինծառայող Չապլին Մարգարյանը մահացել էր հոկտեմբերի 10-ին՝ հակառակորդի կրակոցից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *