ԻՊ պարագլուխները «վերջին գումարները» տալիս են Սիրիայից Թուրքիա «արտագաղթելու» համար

Սիրիայում պարտությունների շարքից «հիասթափված» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ դաշտային հրամանատարներ, արտասահմանցի ահաբեկիչներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար: Նման պնդում տարածել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունները:

Ըստ այս կազմակերպության՝ ԻՊ ահաբեկիչները շուրջ 20-30 հազար դոլար են վճարել, որի դիմաց նրանց նախ տեղափոխել են Հալեպի հյուսիսում Թուրքիայի վերահսկած սիրիական տարածքներ, ապա ՝ հենց Թուրքիա:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Նշվում է, որ ԻՊ զինյալները նման քայլի գնում են Ռաքքայում, Դեր Զորում և Հոմսում կրած խոշոր պարտություններից հետո. Նրանք Թուրքիա են տեղափոխվում մաքսանենգությամբ զբաղվող անձանց օգնությամբ:

Կազմակերպությունը նշում է, որ, ըստ իրենց փաստաթղթերի, նախորդ ամիս ԻՊ հարյուրավոր անդամներ անցել են Սիրիայի Հասաքա նահանգ, այնուհետև նրանց մի մասն «անհետացել է», իսկ ավելի ուշ որոշները հայտնվել են Թուրքիայում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, շուրջ 5 ամսվա մարտերից հետո, ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից վերջնականապես ազատագրել էին Ռաքքա քաղաքը:

Մինչ այդ էլ Սիրիայի կառավարական ուժերը մտել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Դեր Զոր նահանգ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *