ՀԱՊԿ-ը ահաբեկչությունների աճ է կանխատեսում Աֆղանստանում. Խաչատուրով

ՀԱՊԿ-ը կանխատեսում է, որ 2018-ի գարնանը Աֆղանստանի հյուսիսում կգրանցվի ահաբեկչական գործողությունների աճ: Ներկայում այդ երկրի հյուսիսում գործում է մոտ 7000 զինյալ և դրա հետ կապված ՀԱՊԿ-ը համապատասխան պատրաստություններ է իրականացնում: Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Աֆղանստանի հյուսիսում հավաքվում են «Թալիբան» խմբավորման մեծ թվով ուժեր, բացի այդ, այնտեղ նաև հայտնվել է «Իսլամական պետությունը»: Մենք Աֆղանստանի հյուսիսում մոտ 7000 զինյալ ենք հաշվում», – նշել է Խաչատուրովը:

ՀԱՊԿ քարտուղարը նաև ընդգծել է, որ ներկայում կազմակերպության անդամ երկրների ուժերը զորավարժություն են անցկացնում, որպեսզի պատրաստ լինեն կանխել ՀԱՊԿ անդամ պետության՝ Տաջիկստանի տարածք, զինյալների ներխուժումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սիդորովը ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 20-ից ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսվում են նաև չծրագրված վարժանքներ, որոնք անցկացվելու են Տաջիկստանում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-20-ը Ղազախստանում անցկացվում է ՀԱՊԿ խաղաղապահական ուժերի «Անքակտելի եղբայրություն — 2017» զորավարժությունը, որին մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժունումը: Մինչ այս Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակներում Հայաստանի տարածքում անցկացվել է «Փոխգործակցություն-2017», ինչպես նաև «Որոնում-2017» զորավարժությունները: «Որոնում-2017» զորավարժությունն անցկացվել է Ռուսաստանի ու Հայաստանի տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *