Իրանի ՌԾՈւ հրամանատարը Իտալիայում հանդիպել է 7 երկրի իր պաշտոնակիցների հետ

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին Իտալիայի Վենետիկ քաղաքում անցկացվող Միջերկրական և Սև ծովերի երկրների ռազմածովային ուժերի գիտաժողովի շրջանակներում հանդիպել է 9 երկրի ՌԾՈւ հրամանատարների ու հրամանատարների տեղակալների հետ։ Այս մասին հոկտեմբերի 18-ին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

Հաբիբոլահ Սայարին հանդիպել է Բուլղարիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Հարավաֆրիկյան հանրապետության, Խորվաթիայի, Ալժիրի, Արգենտինայի ռազմածովային ուժերի հրամանատարների և Իսպանիայի ու Ռուսաստանի ՌԾՈւ հրամանատարների տեղակալների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմածովային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հաբիբոլահ Սայարին  Իտալիայում մասնակցում է Միջերկրական և Սև ծովերի երկրների ռազմածովային ուժերի գիտաժողովին, որտեղ նա հանդես է գալու նաև ելույթով։

Գիտաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 20-ը։ Գիտաժողովին մասնակցում են 50-ից ավելի երկրների ռազմածովային ուժերի հրամանատարներ։

«Միջերկրական և Սև ծովերի երկրների ռազմածովային ուժերի գիտաժողովը» անցկացվում է 1996 թվականից՝ 2 տարին մեկ, Իտալիայում։ Գիտաժողովի նպատակը մի այնպիսի ֆորում ստեղծելն է, որտեղ տարածաշրջանային ռազմածովային ուժերի հրամանատարները կկարողանան հանդիպել, քննարկել ընդհանուր խնդիրները, համագործակցության խորացումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Իրան էր մեկնել Իտալիայի ռազմածովային ուժերի նավախումբ։ Այցի ավարտին իտալական «Եվրո» ռազմանավը և Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերը համատեղ զորավարժություն էին անցկացրել։ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ այս զորավարժությունը  առաջինն էր Իսլամական հանրապետության պատմության մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *