Հանդիպել են Սիրիայի և Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը

Հոկտեմբերի 18-ին Սիրիա է ժամանել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին: Նրան ընդունել է Սիրիայի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Ալի Այուբը:Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:

Բարձրաստիճան զինվորականների հանդիպումից հետո կայացել է նաև համատեղ մամուլի ասուլիս:

Ըստ Սիրիայի ԶՈւ ԳՇ պետի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում ներկայում ընթացող զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների ռազմական համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Իրանի ԶՈւ ԳՇ  պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտնել է, որ իրենք Դամասկոսում են՝ սիոնիստ և ահաբեկիչ համատեղ թշնամիների դեմ պայքարի շրջանակներում համագործակցելու համար, ինչպես նաև հավաստիացրել է, որ Իրանը ահաբեկիչների դեմ պայքարում շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին, բանակին և ղեկավարությանը:

Իրանի ԶՈւ ԳՇ պետի՝ Սիրիա այցի մասին ավելի վաղ հայտնել էր իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրանը Սիրիայի գլխավոր դաշնակիցներից է. Իրանը Սիրիային աջակցում է թե՛ ֆինանսապես, թե՛ ռազմական առումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *