Թուրքիայի զինուժը գործողություններ է սկսել PKK-ի դեմ Իրաքի հյուսիսում

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Իրաքի հյուսիսային Զապ շրջան: «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններին ներգրավված են նաև Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում

Գործողությունները իրականացվում են նաև Իրաքին անմիջապես սահմանակից Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում: Որպես գործողության նպատակ է հայտարարվել քուրդ զինյալների հարձակումների կանխումը և Իրաքի հյուսիսային շրջաններում տեղակայված թուրքական ռազմաբազաների անվտանգության ապահովումը:

Թուրքիայի ԶՈւ ցամաքային գործողություններին աջակցում է նաև օդուժը: Գործողությունների ներգրավվել են նաև հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ: Թուրքական կողմի պնդմամբ՝ հոկտեմբերի 16-ից 18-ը օդուժի հարվածներից «շարքից հանվել է» PKK-ի 21 զինյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-17-ին Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների հետ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել են:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը վերջին անգամ խոշոր ցամաքային գործողություններ է իրականացրել PKK-ի դեմ Իրաքի հյուսիսային շրջաններում 2007-ի դեկտեմբեր – 2008-ի փետրվար ամիսներին: Ցամաքային գործողություններին աջակցել է նաև օդուժը: Թուրքական կողմի տվյալներով՝ գործողության ընթացքում սպանվել է Թուրքիայի մինչև 30 ուժային, այդ թվում նաև «գյուղական պահապաններ», իսկ քրդական կողմից 240-250 զինյալ:

Ներկայում Թուրքիայի զինուժը շարունակում է ռմբակոծել PKK-ի ճամբարները Իրաքի հյուսիսում: Վերջին շրջանում դրանք բավականին ինտենսիվացել են՝ վերածվելով գրեթե ամեն օր իրականացվող օդային գործողության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *