Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 17-ին վավերացրել է «Արտակարգ դրության երկարացման մասին» երկրի կառավարության ներկայացրած օրինագիծը: Սրանով Թուրքիայում դեռևս 2016 թ. հուլիսին հայտարարված «արտակարգ դրությունը» կշարունակվի առնվազն մինչև 2018 թ.: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այդ երկրում «արտակարգ դրությունը» կերկարաձգվի սկսած հոկտեմբերի 19-ից՝ երեք ամիս ժամկետով: Հետագայում պաշտոնական Անկարան կարող է կրկին երկարաձգել այն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել էր երկարաձգել արտակարգ դրությունը, ինչպես նաև փակել օդային սահմանը Իրաքյան Քրդստանի հետ: Երկրորդ «խորհուրդը» ևս ընդունվել է կառավարությունում և վավերացվել խորհրդարանում:

«Արտակարգ դրության» պայմաններում թուրքական իշխանությունները ստանում են գրեթե բացարձակ հնարավորություններ՝ վերացնելու իրենց «անցանկալի տարրերին»: Նման իրավիճակում Թուրքիայի կառավարությունը կարող է ընդունել պարզապես օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք ենթակա չեն բողոքարկման Թուրքիայի դատաիրավական համակարգում:

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ. 16.10.2017

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ. 16.10.2017

«Արտակարգ դրություն» Թուրքիայում հայտարարվել է 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջան փորձից հետո, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այն պարբերաբար երկարացվում է: Այս հանգամանքը օգտագործվել է ոչ միայն հեղաշրջման փորձի հետ կապ ունեցող, այլև առհասարակ թուրքական իշխանություններին անձեռնտու, ընդդիմադիր անձանց ասպարեզից հեռացնելու համար:

Խոսքը մասնավորապես ընդդիմադիր քաղաքական, մշակութային, գիտական գործիչների մասին է, մասնավորապես՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի ու նրանց կողմնակիցների:

Նույն ժամանակահատվածում նաև փակվել են գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները, ձերբակալվել են լրագրողներ: Որպես օրինակ՝ 2016 թ. հուլիսի 20-ից դեկտեմբերի 31-ը Թուրքիայի կատռավարության որոշմամբ փակվել է շուրջ 170 մեդիա ընկերություն: Ձերբակալված լրագրողների թիվը գրեթե նույն ժամանակահատվածում հասել է շուրջ 160-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *