«Իսլամական պետությունից» Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրումը մոտենում է ավարտին

Հոկտեմբերի 17-ի առավոտյան Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է նաև Ռաքքա քաղաքի ազգային հոսպիտալը: Այս մասին հայտնել է SDF-ի խոսնակ Մոսթաֆա Բալին, փոխանցում է Reuters գործակալությունը:

 «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

Ըստ խոսնակի՝ հոսպիտալի տարածքը ամբողջությամբ «մաքրվել է» իսլամիստ զինյալներից, ռազմական գործողություններում սպանվել է ԻՊ 22 զինյալ:

Ըստ SDF-ի հրամանատարների՝ «Ռաքքայի ամբողջական ազատագրումը կարող է տևել նույնիսկ մի քանի ժամ», քանի որ ԻՊ զինյալների վերահսկողության ներքո է մնացել միայն մարզադաշտը և դրան հարակից մի քանի կենտրոններ:

SDF-ի դաշտային հրամատարներից մեկն էլ հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին «Իսլամական պետության» տեղադրած ականի պայթունից խմբավորման 3 մարտիկ է սպանվել: Հրամանատարի գնահատմամբ՝ Ռաքքայում ներկայում մնացել է մոտ 100 իսլամիստ զինյալ:

Ավելի վաղ Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության զորաջոկտները» (YPG) հայտնել էին, որ ԻՊ զինյալների մեծագույն մասը հեռացել է Ռաքքայից:

Ռաքքա քաղաքը «Իսլամական պետության» վերջին խոշորագույն հենարանն է Սիրիայում: ԻՊ զինյալներրը քաղաքը գրավել էին դեռևս 2014-ին և հռչակել էին այսպես կոչված «Իսլամական խալիֆայության մայրաքաղաք»: ԱՄՆ աջակցությամբ գործող ուժերը Ռաքքայի ազատագրության գործողությունները սկսել էին 2017-ի հունիսից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *