ՌԴ ՊՆ ղեկավար. Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով ժամանել է Իսրայել: Հոկտեմբերի 16-ին Թել-Ավիվում Շոյգուն հանդիպել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանին: Հանդիպման ընթացքում քննարկել են նաև Սիրիայի ճգնաժամին վերաբերող հարցեր, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն

«Ցանկանում ենք առանձին քննարկել այն ամենը, ինչ կապված է Սիրիայի հետ: Գործողություններն այնտեղ մոտենում են ավարտին: Կան մի քանի հարցեր, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, և պահանջում են Սիրիայում հետագա իրավիճակի զարգացման հեռանկարների քննարկում», — հայտարարել է Շոյգուն:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ կարողացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել Դեր Զոր նահանգի մեծագույն մասը:

Մյուս կողմից ԻՊ զինյալների դեմ պայքարում հաջողություններ են գրանցել նաև Իրաքի զինված ուժերը՝ ազատագրելով Մոսուլը, Թել-Աֆարը և այլ կարևոր քաղաքներ ու շրջաններ:

Ռուսաստանն իր ավիախումը տեղակայել էր Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից: ՌԴ ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով՝ Սիրիայի բանակին: Այս ընթացքում ՌԴ զինուժի կորուստները Սիրիայում կազմել է 37 մարդ՝ ըստ ՌԴ պաշտոնական տվյալների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *