Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը

Հոկտեմբերի 16-ին Ղազախստանի տարածքում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը, որին մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահներ: Հայ զինծառայողները Ղազախստան էին մեկնել հոկտեմբերի 14-ին: Զորավարժության մեկնարկի մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:

Ղազախստանում զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ: Վարժանքներին կմշակվեն ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահական ուժերի ձևավորման և խաղաղության պահպանման համար նրանց գործողության շրջանում տեղակայելու խնդիրներ: Զորավարժության սցենարով՝ գործողությունն անցկացվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում:

ՀՀ ՊՆ խաղաղապահները Ղազախստանում՝ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության բացման արարողությանը

ՀՀ ՊՆ խաղաղապահները Ղազախստանում՝ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության բացման արարողությանը

ՀԱՊԿ ուժերը նաև կխաղարկեն միջազգային կառույցների հետ (ՄԱԿ, Կարմիր խաչ ևն) խաղաղապահական առաքելությունների շրջանակներում համագործակցության առաջադրանքներ: Զորավարժության առանձնաատկություններից մեկն այն է, որ վարժանքներին ներգրավվել է նաև ավիացիա՝ ներառյալ անօդաչու թռչող սարքեր: Կներգրավվեն նաև հոգեբանական պայքարի և տեղեկատվական հակամարտության ստորաբաժանումներ:

Սցենարի համաձայն՝ գործողություններն իրականացվելու են փախստականների զանգվածային ներհոսքի պայմաններում: Զորավարժությանը կմասնակցեն նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչներ:

Վարժանքներին կներգրավվեն ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1500 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա, 14 միավոր թռչող սարք:

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈւ Իլ-76 ինքաթիռով մեկնել էր Ղազախստան: Վարժանքների եզրափակիչ՝ ակտիվ փուլին հոկտեմբերի 20-ին կմասնակցի նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Հոկտեմբերի 16-ին զորավարժության բացմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Վարժանքներն անցկացվում են Ղազախստանի երկու զորավարժարաններում՝ Ղազախստանի ԶՈւ դեսանտա-գրոհային ուժերի հրամանատարի ղեկավարությամբ:

«Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության բացման արարողությունից

«Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության բացման արարողությունից

«Անքակտելի եղբայրությունը» ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի «Մարտական եղբայրություն-2017» օպերատիվ-մարտավարական զորավարժության փուլերից մեկն է: Այս վարժանքները Հայաստանի տարածքում անցկացված «Փոխգործակցություն-2017» և Ռուսաստանում ու Հայաստանում անցկացված «Որոնում-2017» զորավարժությունների տրամաբանական շարունակությունն են:

Վարժանքների ընթացքում կխաղարկվեն հետհակամարտային կարգավորման առաջադրանքներ: Զորավարժության թեման է՝ «Կենտրոնասիական շրջանում ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խաղաղապահական ուժերի միջոցով խաղաղության պահպանմանն ուղղված գործողության նախապատրաստում և իրականացումը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, Հայաստանում ավարտվել էր ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը: Հոկտեմբերի սկզբին կրկին Հայստանում անցկացվել էր նաև «Որոնում-2017» զորավարժության վերջին փուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *