Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժության եզրափակիչ փուլը։ Մարտական հրաձգության ընթացքին հետևել են ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ԶՈւ ԳՇ պետերը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։
Վարժանքների վերջին փուլին ներգրավվել են հետևակային ստորաբաժանումներ, զրատեխնիկա և ավիացիա։ Զորավարժությանը ընդգրկվել են նաև Հայաստանի ԱԻՆ և ՆԳՆ ստորաբաժանումներ։
Գործնական վարժանքներին մասնակցել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները` հումանիտար օգնություն ցուցաբերելու գործողությունների շրջանակում։Դիտորդի կարգավիճակով զորավարժությանը հետևել են Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանները և այլ պետությունների ռազմական կցորդներ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:
«Փոխգործակցություն» զորավարժությունը անցկացվում է 2009 թվականից։ «Փոխգործակցություն 2017-ը» թվով 9-րդն է։ Հայաստանի տարածքում զորավարժությունն անցկացվում է երկրորդ անգամ, առաջին անգամ անցկացվել է 2012-ին։