Սիրիայի տարածքի 92 տոկոսը ազատագրված է ահաբեկչական խմբավորումներից. ՌԴ ՊՆ

Մինչ այժմ «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումներից ազատագրվել է Սիրիայի տարածքի մոտ 92 տոկոսը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ օդուժը հարվածել է Սիրիայում «Ալ-Նուսրայի» դիրքերին. աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

ՌԴ օդուժը հարվածել է Սիրիայում «Ալ-Նուսրայի» դիրքերին. աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Ըստ աղբյուրի՝ անցնող շաբաթվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Սիրիայում 517 մարտական թռիչք են իրականացրել: Հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումների շուրջ 1260 օբյեկտ:

Նշենք, որ Ռուսաստանի օդուժը հիմնականում գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ:

Ներկայում Սիրիայում ակտիվ մարտեր են ընթանում հիմնականում Դեր Զոր նահանգում և Ռաքքայի շրջանում: Դեր Զոր ուղղությամբ գրոհում է Սիրիայի կառավարական բանակը: Բանակին արդեն հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել նահանգի մեծ մասը:

Ռաքքայում «Իսլամական պետության» դեմ պայքարում է արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը, որը գործում է Միացյալ Նահանգների աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում ավիախումբ տեղակայել է դեռևս 2015 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից՝ Սիրիայում տարբեր ահաբեկչական, զինյալ խմբավորումների դեմ պայքարում այդ երկրի կառավարական բանակին օժանդակելու համար։

Բացի այդ, Ռուսաստանի զինուժը ժամանակ առ ժամանակ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հրթիռներ է արձակում Միջերկրական ծովում գտնվող ռազմանավերից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *