Ս-400-ների գործարքի առաջին փուլում համատեղ արտադրություն չի նախատեսվում. Էրդողան

Հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման գործարքի հետ կապված որևէ խնդիր չկա: Էրդողանն ընդգծել է, որ առաջին փուլում համակարգերի համատեղ արտադրություն չի նախատեսվում: Փոխանցում է թուրքական Yeni Akit լրատվակայքը:

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ (արխիվ)

«Ս-400-ների հետ կապված որևէ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն չի լինի: Առաջին փաթեթը նրանցից [Ռուսաստանից – խմբ.] կգնենք: Սակայն երկրորդ փաթեթից սկսած համատեղ արտադրությանը ուղղված քայլեր կիրականացնենք:

Պարոն Պուտինի հետ բանակցությունները չենք մտածում սահմանափակել միայն Ս-400-ներով: Ս-500-ների հետ կապված քննարկումներ ենք ունեցել: Հույս ունեմ, որ այդ բանակցություններն էլ կյանքի կկոչենք», – հայտարարել է Էրդողանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն: Ավելի վաղ ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադմիր Կոժինն էր հայտարարել, որ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը անցել է կատարման փուլ,  սակայն տեխնոլոգիաների փոխանցման հարց չի քննարկվում:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը Ս-400-ների հարցով բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից: Ըստ ամերիկյան «Բլումբերգ» գործակալության՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Ս-500 համակարգերը դեռևս արտադրության չեն դրվել: 2017-ի փետրվարին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Ս-500 համակարգի առաջին փորձնական տարբերակը պատրաստ կլինի 2020 թվականին:

Ս-500-ի ենթադրյալ մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Գործողության շառավիղը՝ 600 կմ
  • Կարող է խոցել ինչպես բալիստիկ հրթիռներ, այնպես էլ թևավոր հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և օդային այլ թիրախներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *