Ադրբեջանում ոչնչացված խումբը ծրագրել էր գրոհել զորամաս, խորհրդարանի շենքը. «Մինվալ»

Այս տարվա հունվարի 31-ին Ադրբեջանում ոչնչացված խումբը պատրաստվում էր գրոհել երկրի զորամասերից մեկը, պետական հաստատություններ, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդարանի շենքը և սպանել պատգամավորներին. Նման պնդում հրապարակել է ադրբեջանական «Մինվալ» լրատվակայքը: 

Ըստ  «Մինվալի»՝ նախատեսված գործողությունների մասին իր ցուցմունքներում պատմել է խմբի միակ ողջ մնացած անդամ Ֆարիդ Սադիխովը:

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների

Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները ձերբակալում են զինյալների

Խումբը բաղկացած էր եղել 5 անդամից, որոնք պարբերաբար հավաքվել էին նրանցից մեկի տանը՝ Բաքվի Գարաչուխուր թաղամասում և քննարկել անելիքները: Նշվում է, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը խմբի վնասազերծման գործողություններ իրականացրել էր հենց այդտեղ:

Խումբը սկզբում մտադրություն էր ունեցել Ադրբեջանից մեկնել և համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը, սակայն հետո որոշել էր մնալ և գործունեությունը շարունակել Ադրբեջանում:

Գործողությունների համար բավարար միջոցներ ձեռք բերելու համար նախատեսվել էր թալանել գրավատներ, ալկոհոլի խանութներ և ունևոր մարդկանց տներ:

Խմբի գործողությունների աշխարհագրության մեջ էր մտնում նաև Ադրբեջանի հյուսիսային (ՌԴ սահմանակից) Գուսարի շրջանը: Այստեղ նախատեսվում էր գրոհել զորամասերից մեկը (ենթադրաբար զինամթերք ձեռք բերելու համար),  ինչպես նաև թալանել տեղի ՏԻՄ ղեկավարությանը:

Խմբի թիրախում են եղել նաև Ադրբեջանի պետանվտանգության ծառայության և ՆԳՆ ակադեմիաները: Նախատեսված էր եղել նաև գրոհել երկրի խորհրդարանի շենքը, համալսարաններ և պետական այլ հաստատություններ:

Հիշեցնենք, որ  այս տարվա փետրվարի 1-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 31-ին իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյուքնում սպանվել է 4 զինյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Մ. Ուլուբեկովը, Տ. Ալմամաեդովը, Գ. Դամիրովը և Ս. Մամեդովը: Այն ժամանակ գործողության և խմբի մասին մանրամասներ չէր հողորդվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *