ՀՀ ՊՆ ծրագիր. Սպաները կկարողանան բնակարան գնել՝ 20 տարում վճարելով միայն մայր գումարը

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում ներկայացնել ծրագիր, որով սպան, 20 տարվա ընթացքում վճարելով բնակարանի միայն մայր գումարը (զեղչված), կկարողանա բնակարան ձեռք բերել: Այս մասին հոկտեմբերի 11-ի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Շատ կոպիտ հաշվարկով կարող եմ ասել, որ եթե այս ծրագիրը հաջողվի, սպայի համար բնակարան ձեռք բերելը դառնալու է 3 տարվա խնդիր, այսինքն երրորդ տարում ինքը ֆիզիկապես ստանալու է այդ բնակարանը:

Եվ այդ բնակարանի համար նա վճարելու է միայն մայր գումարը, ընդ որում որոշակի ձեղչով, 20 տարվա ընթացքում, այսինքն՝ ամսական 60-70 հազար վճարելով երրորդ տարում ունենալու է բնակարան», – նշել է նախարար Սարգսյանը:

Նախարարի խոսքով` ներկայում գործող բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիների ընթացքում բնակարան է ստացել մոտ 1700 սպա։ Այնուամենայնիվ, ծրագիրը լուրջ խնդիր չի լուծել, քանի որ սպան երբեմն արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը:

Այդպիսով գոյացել է բնակարանի կարիք ունեցող սպաների հսկայական ցուցակ։ 1700 սպա ստացել է բնակարան, բայց մոտ «երկու ավել էդքան» հերթագրված են և հույսը կորցրել են տարիներով:

Նախարարը հայտնեց, որ առաջարկում են կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասներն այժմ քննարկվում են։

Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ քննարկումները կավարտվեն մինչև ընթացիկ ամսվա վերջ:

«Բոլոր դեպքերում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմանների մասին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ է վատթարացնում պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ կարող է այդ ծրագրից օգտվել։ Այսինքն՝ որևէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», ” ասաց Վիգեն Սարգսյանը:

Առաջարկվող պայմանների դիմաց սպան ստանձնում է 20 տարվա պարտադիր ծառայության պարտավորություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *