Սահմանային տարիքի զինծառայողները կզորացրվեն, բացառությամբ որոշ կատեգորիաների. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկում է  վերացնել սահմանային տարիքի հասած սպաների, պայմանագրայինների ծառայության ժամկետը երկարացնելու մասին դրույթները: Տարիքային շեմը հատած զինծառայողները ավտոմատ կզորացրվեն, բացառությամբ սահմանված կատեգորիաների:  Այս մասին նախարարը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովում՝ հոկտեմբերի 11-ի իր ելույթի ընթացքում:

Նախարարը նշել է, որ մինչ օրս սպաների ծառայության ժամկետը սահմանային տարիքից հետո երկարացվում էր մինչև 5 տարի, սակայն դա բավականին սուբյեկտիվ գործընթաց էր.

«Ամեն անգամ որոշում կայացնողը կարող էր առանց որևէ մի լուրջ բացատրություն տալու մեկին երկարացնել, մեկին չերկարացնել», – նշել է նախարարը:

Ըստ նախարարի, սա ո՛չ միայն արդարության խնդիր էր, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, այլևե առաջացնում էր կրտսեր սպայակազմի մասնագիտական աճի խնդիր:

«Հետևեաբար մենք առաջարկում ենք վերացնել երկարացման հնարավորությունը, սահմանային տարիքը մնում է նույնը, նույն կոչման մեջ ծառայության տևողությունը մնում է նույնը», – նշում է Վիգեն Սարգսյանը:

Նախարարը ավելացրեց, որ«սահմանային տարիքի հասնելու դեպքում զորացրումը դառնում է  ավտոմատ»՝ ավելացնելով.

«Բացառություն է արված հետևեյալ կատեգորիաների համար՝ ռազմաբժշկություն, ռազմագիտական, ռազմադասախոսական գործունեություն, և շարքային կազմի որոշ մասնագիտություններ, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը:

Ասենք՝ մենք այսօր խոշոր տեխնիկա վարելու հետ կապված մասնագետների պակասորդ ունենք: Եվ ենթադրենք 50 տարեկանը, կամ 48 տարեկանը բացարձակ չի խանգարում, որ հմուտ վարորդը շարունակի, ասենք, ևս 2-3 տարի վարել այդ մեքենան»:

Նախարար Սարգսյանն ավելացրեց, որ եթե կա մասնագետների պակաս, կառավարությունը սահմանում է համապատասխան կատեգորիաները: Այնուհետև կոնկրետ անձի հետ կապված որոշումը կայացվում է ՊՆ-ում՝ կոլեգիալ հիմունքներով: Այսինքն հանձնաժողովը որոշում է «երկարացնել, թե չերկարացնել այս կամ այն ծառայողի ծառայության ժամկետը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *