Իրանի ռազմանավը հետ է մղել առևտրային նավի վրա ծովահենների հարձակումը

Հոկտեմբերի 9-ին Բաբ էլ Մանդեբի նեղուցում ծովահենների 7 նավ հարձակվել են իրանական առևտրային նավի վրա, սակայն այդ շրջաններում հերթապահություն իրականացնող իրանական 48-րդ նավախմբի «Ալվանդ» ռազմանավը փախուստի է մատնել ծովահեններին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական «Ալվանդ» ռազմանավը

Իրանական «Ալվանդ» ռազմանավը

Ծովահենները փորձել են առևանգել իրանական առևտրային նավը, սակայն  48-րդ նավախմբի կազմում գտնվող «Ալվանդ» ռազմանավը արձագանքել է առևտրային նավի օգնության կանչին և հակահարված է տվել  ծովահեններին։

Հիշեցնենք, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերի 48-րդ նավախումբը  միջազգային ջրերում հերթապահության է ուղարկվել սեպտեմբերի 2-ից։ Նավախումբը կազմված է «Ալվանդ» ականակիր նավից և «Լավան» թիկունքային ապահովման նավից։

Ավելի վաղ միջազգային ջրերում իրանական նավերի վրա ծովահենների հարձակում էր կանխել Իրանի ՌԾՈւ 44-րդ նավախումբը։

2016-ի հոկտեմբերին 44-րդ  նավախմբին հաջողվել էր Ադենի ծովածոցում հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է  2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։

Իրանի ՌԾՈւ 44-րդ  նավախմբի կազմում էին «Ալվանդ» ռազմանավը և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավը։

Հավելենք, որ 2008 թվականից ի վեր միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելիս Իրանի նավախմբերը 250-ից ավելի բախում են ունեցել ծովահենների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *