Ռուսաստանը Սաուդյան Արաբիային կվաճառի Ս-400 ԶՀՀ, ՏՕՍ-1Ա և այլ սպառազինություն

Ռուսաստանը և Սաուդիան Արաբիան համաձայնություն են ձեռք բերել Սաուդյան Արաբիային Ս-400 զենիթահրթիռային համակարգեր,  ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ, հակատանկային հրթիռային համալիրներ, ավտոմատներ և այլ սպառազինություն վաճառելու շուրջ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Վորոբյովին։

Սաուդյան Արաբիային են վաճառվելու ԱԿ-103 ավտոմատներ։ Քննարկվում է նաև Սաուդյան Արաբիայում այդ ավտոմատների լիցենզավորված արտադրություն սկսելու հարցը։

Սաուդյան Արաբիայի թագավորության հետ ձեռքբերվել է պայմանավորվածություն Ս-400 ՀՕՊ համակարգեր, «Կոռնետ-ԷՄ» հակատանկային հրթիռային համալիրներ, ՏՕՍ-1Ա համակարգեր, ԱԳՍ-30 ավտոմատ նռնականետներ, ԱԿ-103 ավտոմատներ մատակարարելու շուրջ,- հայտարարել է Մարիյա Վորոբյովան։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդիի Ռուսաստան այցի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ միջև կնքվել էր համաձայնագիր՝ Սաուդյան Արաբիային 110 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու շուրջ։ Ռուսաստանից  Ս-400 համալիրների գնման լուրը անհանգստություն է առաջացրել ԱՄՆ ռազմական գերատեսչությունում։

«Միացյալ նահանգները և Սաուդյան Արաբիան հաստատուն և նշանակալի հարաբերություններ ունեն պաշտպանական և ռազմական նշանակության արտադրանքների առևտրի ոլորտում։ Ս-400 համակարգերի գնման առնչությամբ մենք անհանգստություն ունենք, քանի որ մենք ընդգծում ենք ամերիկյան և տարածաշրջանային համակարգերի հետ օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը՝ ընդհանուր սպառնալիքների դեմ օպերատիվ համատեղելիությունը ապահովելու համար ցանկացած խոշոր պաշտպանական համակարգեր գնելիս», – հայտարարել են Պենտագոնում։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ միակ դաշնակիցը չէ, ով  որոշել է ՀՕՊ համակարգեր ձեռք բերել Ռուսաստանից։ Թուրքիան և Ռուսաստանը նույնպես համաձայնության են եկել Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ վաճառելու շուրջ։

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի դեկտեմբերից: Ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ քննարկվում է նաև համալիրների համատեղ արտադրություն սկսելու հարցը։

Հետագայում ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ անհնար է Թուրքիայում Ս-400 ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել, քանի որ  դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *